Արմինֆո. Հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ վարչապետը Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, քննարկվում են գոյություն ունեցող Ռազմավիրական ճանապարհին այլընտրանքային այլ տարբերակներ, մասնավորապես՝ Հարավային Օսիայով և Աբխազիայով: «Քննարկվում են նաև երկաթուղու կառուցման հնարավորությունները, սակայն տվյալ փուլում որևէ հստակ բան ասել չենք կարող»,- հայտարարել է Մարտիրոսյանը:
Մինչդեռ դեկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վահան Մարտիրոսյանը կոչ էր արել հարավօսական տարբերակը որպես այլընտրանքային չդիտարկել՝ հայտարարելով գործընթացում այնպիսի խոչընդոտի առկայությունը, ինչպես «քաղաքական հանգամանքները»: Հատկանշական է նաև այն, որ հայկական կողմը որոշել է այդ թեմային անդրադառնալ հայկական կառավարական պատվիրակության Մոսկվա այցից հետո: Թե արդյոք Երևանը Մոսկվայի աջակցությունն է ստացել այդ հարցում, նախարարը չի մեկնաբանել՝ հայտարարելով միայն, որ անցկացվել են նախնական քննարկումներ, սակայն վերջնական արդյունքների մասին խոսել դեռ վաղ է: Այն հարցին, թե վերացել են արդյոք «քաղաքական խոչընդոտները» և, հնարավոր է, որ Մոսկվան ու Թբիլիսին արդեն համաձայնության են եկել այդ հարցում՝ Մորտիրոսյանը պատասխանել է. «Հայաստանը փորձում է արագացնել այդ քննարկումները»:
Ինչպես գտնում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը,Հարավային Օսիայով և Աբխազիայով դեպի Ռուսաստան այլընտանքային ուղիների բացման հեռանկարները միանգամայն իրական են: «ԵՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է, և ժամանակի ընթացքում «Վերին Լարս» անցակետում թողունակության խնդիրները, կապված ոչ միայն եղանակային պայմանների, այլ նաև անցակետի տեխնիկական հնարավորությունների հետ, ավելի կսրվեն»,- նշել է Ղազարյանը:
«Վերին Լարս» անցակետը, որով նախորդ դարի 90-ական թվականներից անցնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային ճանապարհը, ձմռան շրջանում պարբերաբար փակվում էձյան առատ տեղումների, իսկ գարնանը` սելավների պատճառով, չնայած այն հանգամանքին, որ վրացական կողմը մեծ աշխատանք է տարել ճանապարհի արդիականացման և երթևեկության անվտանգության ապահովման նպատակով: Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը դեռ ամռանն ասում էր, որ հնարավոր է ճանապարհ բացել Հարավային Օսիայի տարածքով, «ճանապարհը լավ վիճակում է, զուգահեռ բանակցություններ են վարվում ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Մոսկվայի հետ, բայց այս դեպքում Հայաստանից շատ քիչ բան է կախված»: