Արմինֆո. Հունվարի 26-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Կանադայի, Հայաստանի և Սինգապուրի միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ առաջարկությանը:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի ասելով, տվյալ փուլում օդային հաղորդակցության ոլորտում այդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները չեն կարգավորվում միջկառավարական համաձայնագրերով:
Համաձայնագրերը նպատակաուղղված են գործընկեր երկրների հարաբերությունների լիակատար իրավական կարգավորմանը` օդային փոխադրումների ոլորտում տեխնիկական, տնտեսական և ավիացիոն անվտանգության նորմերի հաստատմամբ: Համաձայնագրերը նպատակաուղղված են նաև «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի այն հարցին, թե երբ ենք ուղիղ չվերթով թռչելու Կանադա և Սինգապուր, Սերգեյ Ավետիսյանը պատասխանել է. «Կստեղծենք իրավական հիմք, այնուհետև կսկսենք մտածել»:
2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարությունը հաստատել էր ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը, որը հիմնված էր Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի և աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Մաքքենզի ընկերության համատեղ հետազոտության վրա: Ծրագրի համաձայն, «բաց երկնքի» քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա: Ավելի որոշակի, «բաց երկքի» քաղաքականության և ծրագրի արդյունավետ իրագործման արդյունքում առաջիկա 3-4 տարում ակնկալվում էր ՀՆԱ 0,3-0,4 մլրդ դոլարի աճի ապահովում, 18,000-23,000 նոր աշխատատեղի ստեղծում, հիմնականում, օդային հաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում, ուղևորափոխադրումների ծավալի 20-25% աճ, ինչպես նաև տոմսերի գների միջին հաշվով 10% նվազում: