Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության, որը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետի տեղակալ Տիգրան Փարսադանյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսական նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD), վարկային մի շարք կազմակերպությունների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի այսօրվա կարևորագույն խնդիրներից մեկը գյուղտեխնիկայի վերազինումն ու արդիականացումն է: Քանի որ առկա տեխնիկան մաշվածության պատճառով թույլ չի տալիս ապահովել ոլորտում բարձր բերքատվություն, մենք այժմ կազմակերպում ենք հանդիպումներ տարբեր ընկերությունների հետ` նրանց արտադրանքին ավելի մանրամասն ծանոթանալու և մատչելի գներով ձեռք բերելու համար: Մեր նպատակն է մինչև գարուն ունենալ գյուղտեխնիկա ներմուծող, որպեսզի սկսենք գյուղատնտեսական աշխատանքները», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը` հավելելով, որ այս հարցում հայկական կողմը պատրաստ է քննարկել և մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ:
Հանդիպման ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նախագիծ, որը մասամբ սուբսիդավորվելու է պետության կողմից, որպեսզի վերջնական շահառուին գյուղտեխնիկան հասնի մատչելի գներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև նշել է, որ ներկայումս Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել մեքենա-տրակտորային կայան (ՄՏԿ), որը կսպասարկի երկրի բոլոր մարզերի ֆերմերային տնտեսություններին: Նախարարի խոսքով` ՄՏԿ ստեղծման համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ցանկն արդեն իսկ պատրաստ է և կտրամադրվի բոլոր շահագրգիռ ընկերություններին ուսումնասիրության և գնային առաջարկներ ներկայացնելու համար:
«Եթե մենք կարողանանք ներմուծել բարձրակարգ գյուղատնտեսական տեխնիկա, ապա կկարողանանք 20-30 տոկոսով բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և մեր ներքին արտադրանքը դարձնել ավելի մրցակցային», - ընդգծել է Իգնատի Առաքելյանը:
Նախատեսվում է նաև Հայաստանում բացել ներմուծող ընկերությունների ներկայացուցչություններ և սպասարկման կենտրոններ, ինչպես նաև ֆերմերների համար կազմակերպել ուսումնական դասընթացներ:
Հյուրերի տեղեկացմամբ որոշ ռուսաստանյան ընկերություններ շահագրգռված են նաև Հայաստանում կազմակերպել տրակտորների հավաքում:
Հանդիպման ընթացքում ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչները համառոտ ներկայացրել են իրենց գործարաններում արտադրվող տեխնիկան և հույս հայտնել, որ հայկական կողմին կհետաքրքրի առաջարկվող արտադրանքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ բոլոր ներկայացված առաջարկներն ու վաճառքի պայմանները հանգամանորեն կուսումնասիրվեն և արդյունքները առաջիկայում կներկայացվեն ռուսական կողմին: