Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականների կարգապահության, ժամկետների, ինչպես նաև պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ:
Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և կատարված աշխատանքների մասին: Վարչապետը խոսել է նաև տրված հանձնարարականների կատարողականների մասին՝ հատկանշելով մի շարք խնդիրներ: «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Ես շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար», - ասել է կառավարության ղեկավարը:
Պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին վարչապետի կողմից հանձնարարվել էր՝ գույքագրել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերը և ներկայացնել 2017 թ. ընթացքում կանխատեսվող ներդրումների փաթեթները: Այդ կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա արդեն պետական գերատեսչություններից ստացվել է 249 ներդրումային ծրագիր, որոնց հիմքում ընկած են հետևյալ չափանիշները՝ ֆինանսավորման աղբյուր, ծրագրի սկիզբ, 2017 թ. կատարողականի կանխատեսում և նոր աշխատատեղերի ստեղծում:
Վարչապետը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, հորդորել է սահմանված վերջնաժամկետում ներկայացնել ներդրումային նախագծերի առաջարկությունները: Ի պատասխան մարզերից ստացված ծրագրերը ևս այդ փաթեթում ներառելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ բիզնես տրամաբանության գնահատել ծրագրերը և համապատասխանության դեպքում ներառել այդ ցանկում: «Մենք ախտորոշել ենք յուրաքանչյուր գերատեսչության պրոբլեմ, որոշել ենք տեսլականը՝ ինչ պետք է անենք և այդ տեսլականի մեջ քայլեր ենք արել: Ըստ այս տեղեկանքի՝ 249 նախաձեռնություն կա, որոնց ֆինանսական աղբյուրները պարզ են, որոնց մոտավոր վերլուծությունը ցույց է տալիս, որ կիրագործվեն 2017 թվականին և շարունակական կլինեն 2018-ին», - նշել է Կարեն Կարապետյանը: