Արմինֆո. Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը: Կցորդի հաստիքի ստեղծումը կնպաստի նաև ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի դրույթների իրականացմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը տվյալ փուլում պայմանավորված է նաև այն վիթխարի հնարավորություններով, որ Հայաստանի կառավարությունը տեսնում է այդ երկրում:
Որոշման նախագծի համաձայն, նոր հաստիքը ենթադրում է 41,8 մլն դրամի լրացուցիչ բյուջետային ծախսեր կամ` ամսական շուրջ 3,48 մլն: ԱՀԿ-ում և ԵՄ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունների գործունեությունը 2017 թվականի բյուջեի վրա կնստի 157,9 մլն դրամ: ՌԴ-ում առևտրային ներկայացուցչությունը պետբյուջեից չի ֆինանսավորվում, նշել է նախարարը:
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի առևտրային շրջանառությունը կազմել է 5 մլրդ 75 մլն 349,9 հազար դոլար` նախորդ տարվա համեմատ ավելանալով 7,7%-ով: Վերը նշված ժամանակաշրջանում Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն 924,7 հազար դոլար: Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, արտահանման աճը 2015 թվականի համեմատ կազմել է 20%: Միևնույն ժամանակ, Հայաստան ներմուծումը 2016 թվականին ավելացել է 1,6%-ով և կազմել 3 մլրդ 292 մլն 425,3 հազար դոլար: Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դիրքերը որպես Հայաստանի առաջատար օտարերկրյա գործընկեր: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային շրջանառությունը 2016 թվականին կազմել է 1 մլրդ 366 մլն 974,7 հազար դոլար` ավելանալով 15,1%-ով: Չինաստանն զբաղեցնում է երկրորդ տեղը: Երկկողմ առևտրի ծավալը կազմել է 454 մլն 36,4 հազար դոլար` նվազելով 5,7%-ով: