Արմինֆո. 2016 թվականին վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերվել է 21.2 մլրդ.դրամի խաղող, որից մոտ 2 մլրդ.դրամը դեռ չի վճարվել: Այս մասին փետրվարի 2-ին, կառավարության նիստից հետո, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին: Տվյալ փուլում ընկերություններից ոչ մեկը չի խախտել վճարումների գծով պայմանագրային պարտավորությունները: Ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի»,-հայտարարել է նա:
Ըստ Առաքելյանի, նախարարությունը մշակում է լրացուցիչ ֆինանսական գործիքներ, որոնք կարող են բացառել վճարումների գծով ուշացումները:
Ինչ վերաբերվում է 2015-ի մթերումներին, ըստ նախարարի, փետրվարի 2-ի դրությամբ բոլոր մթերող ընկերությունները կատարել են ֆերմերների հանդեպ իրենց պարտավորությունները, բացառությամբ «Վինար» ՍՊԸ-ի: Նրա խոսքով, ներկայումս այդ ընկերության պարտքերի հարցը դեռ չի լուծվել: Գյուղնախարարությունը, ելնելով սեփական հնարավորություններից, ինչպես նաև այլ ընկերությունների հետ համագործակցությամբ, գնեց այդ ընկերության խաղողի սպիրտը, որպեսզի հնարավորություն տա մարել պարտքերը: Բայց պարտքերը մնացին: «Եվ չնայած «Վինար» ընկերության ներկայացուցչի հավաստումներին, որ իրենք սպիրտ ունեն, մեր տվյալներով – չունեն, հետևաբար, մենք դիմեցինք դատախազություն»,-նշել է նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: «Սա նախադեպ է, քանի որ նախարարությունը մշտապես փորձել է աշխատանքային մթնոլորտում կարգավորել խնդիրները, սակայն սա բացառիկ դեպք էր, որը կարծում եմ հետագայում զսպաշապիկ կդառնա անբարեխիղճ մթերողների համար: Այս պահին չեմ ցանկանում որակումներ տալ, նախաքննությունը կպարզի հանգամանքները, սակայն մեղավորները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն: Նման իրավիճակների կրկնություն թույլ չտալու համար պետք է նաև գյուղացիների իրավագիտակցությունը բարձրանա, նրանք պետք է պահանջատեր լինեն իրենց ոտնահարված իրավունքներին»,- հայտարարել էր գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանը դեկտեմբերի 21-ին Երևանում կայացած մամուլի ամփոփիչ ասուլիսում:
Ըստ գյուղնախարարության տվյալների, հունվարի 19-ի դրությամբ «Վինար» ընկերությունը ֆերմերներին պարտք է մնացել մոտ 84 մլն դրամ: Նշենք նաև, որ 2015 թվականին վերամշակող գործարանների կողմից գնվել 31.5 մլրդ դրամի խաղող: