Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստում է ֆերմերների աջակցության ծրագիրը`լիզինգային սխեմայով գյուղատնտեսական տեխնիկա տրամադրելու միջոցով: Այս մասին փետրվարի 2-ին, կառավարության նիստից հետո, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Նա նշել է, որ այդ նպատակով հանդիպումներ են եղել Ռուսաստանի, Կանադայի, Գերմանիայի, Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի գյուղատնտեսական տեխնիկա արտադրողների հետ: Ըստ նախարարի, հնարավոր է, որ Հայաստանը կօգտվի ՌԴ տարածքում արտադրվող գյուղտեխնիկայի արտահանման աջակցման ծրագրից, ինչի շնորհիվ դա հայկական կողմի վրա ավելի էժան կնստի: «Շուկան բաց է, և մենք քննարկում ենք հնարավոր տարբերակները: Վերջին հաշվով, ընտրում է ֆերմերը, ելնելով սեփական հնարավորություններից»,-հայտարարել է Առեաքելյանը:
Ինչ վերաբերվում է գյուղատնտեսական գրագիտության բարձրացման անհրաժեշտությանը գյուղացիների շրջանում, ինչի մասին բազմաթիվ անգամներ նշել էր վարչապետը, ապա այսօր Հայաստանում չկա նույնիսկ գրագետ գյուղատնտեսություն կազմակերպելու հնարավորություն: «Չկա մեխանիզացիա, հակակարկտային ցանցեր, կաթիլային ոռոգման համակարգ, ինչպես նաև այդ համակարգին անցնելու ֆինանսական միջոցներ: Հետևաբար, գյուղացիներն աշխատում են իրենց ունեցած միջոցներով: Մեր ներկայիս խնդիրը ֆինանսական հնարավորությունների ստեղծումն է, որպեսզի ֆերմերն ինքնուրույն, կամ կոոպերատիվ ստեղծելու միջոցով, օգտվի այդ հեռանկարներից»,-հայտարարել է Առաքելյանը:
Բացի այդ, ըստ նախարարի,Ագրարային համալսարանի հետ համատեղ մշակվում է գյուղատնտեսության ոլորտոմ գրագիտության բարձրացման ծրագիր: Մասնավորապես, գյուղացիների անմիջական գրագիտության բարձրացման նպատակով, հնարավոր է, որ հիմնվի քոլեջ, որտեղ կպատրաստվեն այդ ոլորտի նեղ մասնագետներ:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսության տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը: