Արմինֆո. Փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ՍՊԸ նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին, նախարարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում ընկերության գործունեության առնչությամբ և հավելել, որ ցանկանում է տեղեկանալ իրականացվող ընթացիկ աշխատանքի մասին, ինչպես նաև պատրաստ է լսել խնդիրների և առաջարկությունների մասին։
«Ուրախ եմ ծրագրի մեկնարկի համար և հուսով, որ շինարարական աշխատանքը նոր թափով կշարունակվի ու 2018 թվականի մարտին ձեռնարկությունը կշահագործվի և կթողարկի իր առաջին արտադրանքը», - ասել է Սուրեն Կարայանն՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է այս ծրագիը, որը կնպաստի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը։
Հովարդ Սթիվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Կարայանին ընդունելության համար և տեղեկացրել, որ Ջերմուկում շինարարական աշխատանքը նոր թափ է ստանում, և 2018 թվականի մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը։
«Մեզ համար շատ հեշտ է աշխատել Հայաստանի կառավարության հետ, քանի որ այն շատ բաց է և արագ է արձագանքում մեր բոլոր առաջարկություններին: Ծրագիրն իրականացնելու ենք 18 ամսվա ընթացքում՝ սկսած ներկա ժամանակաշրջանից մինչև 2018 թվականը: Պատրաստվում ենք 370 միլիոն դոլարի ներդրում կատարել և 700 աշխատատեղ ստեղծել 10 տարով (մշտական) և 1300-ը` համատեղ։ Այս ծրագրով սպասվում է տարեկան 259 միլիոն դոլարի արտահանում և 370 միլիոն դոլարի ներդրում: Կարծում եմ` այն կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրագործելու իր բոլոր նպատակներն ու ծրագրերը», - նշել է Հովարդ Սթիվենսոնը:
Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին են ներկայացրել ծրագրի իրականացմանն առնչվող որոշ խնդիրներ, որոնք նախարարը խոստացել է քննարկել և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունների մասին տեղեկացնել ընկերության ղեկավարությանը։