Արմինֆո. 2016 թվականին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 464 միլիոն դրամ, ինչը մոտ 123 մլն դրամով գերազանցել է 2015 թվականի ցուցանիշը: «Tax freeե համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից, մինչ օրս 10 000-ից ավելի դեպքով արտոնությունից օգտվողներին է վերադարձվել շուրջ 1 մլրդ դրամ գումար, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ` նպատակ ունենալով խթանելու վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի ավելացմանն ու մանրածախ առևտրի ոլորտի աշխուժացմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում մեր երկրից մեկնելիս:
Նշենք, որ ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը մեկնարկել է 2014 թվականի մարտից: Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս: Այն գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է «Tax free invoiceե կամ ՀԴՄ «Tax freeե հաշիվ և կտրոն, միևնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 50 հազար դրամը (նախկինում՝ 100 հազար դրամը), ԱԱՀ-ն՝ 8 335 դրամը (նախկինում՝ 16 670 դրամը), և, եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը: Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչև 90 օրվա ընթացքում: «Tax freeե համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը: Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Օտարերկրյա քաղաքացիները վերադարձման ենթակա գումարը կարող են ստանալ բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից: