Արմինֆո. Կոնվերս Բանկը ընդլայնում է ինտերնետ միջավայրում ծառայությունները և առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում նոր սերնդի ՎԻԶԱ վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Կոնվերս Բանկի Visa Virtual Account-ը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ առցանց գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ինչպես նաև գնորդին ազատելով պլաստիկ բանկային քարտ ունենալու անհրաժեշտությունից:
Աղբյուրի համաձայն, «Visa Virtual Account-ը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի՝ երեք տարվա սպասարկման վճարը ընդամենը 1000 ՀՀ դրամ է»,- նշում է աղբյուրը:
Վիրտուալ՝ Visa Virtual Account քարտը կարելի է կառավարել ինտերնետ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում: Visa Virtual Account կարելի է պատվիրել ՀՀ Դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և ՌԴ ռուբլի արժույթներով:
Ըստ ԱրմԻնֆո գոծակալության` «Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Կոնվերս Բանկի ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի Visa քարտերն ավելացել են 15.3%, մինչև 44.3 հազար քարտ: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 33%: Կոնվերս Բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 14.8%, մինչև 147.7 մլրդ.դրամ, այս ցուցանիշով 3-րդ տեղից բարձրանալով 2-րդ տեղ: Կոնվերս բանկը 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 101 բանկոմատ և 572 սեփական POS- թերմինալ, տարեկան կտրվածքով աճը, համապատասխանաբար`8.6% և 27.4%: Կոնվերս Բանկը թողարկում և սպասարկում է նաև տեղական ArCa և միջազգային MasterCard քարտեր: