Արմինֆո. Նախարարությունը ուսումնասիրել է կոնկրետ ներդրումային ծրագրերը, կազմակերպությունների հետ քննարկել պետության աջակցության գործիքակազմից անհրաժեշտ օժանդակությունը և տրամադրել այն՝ ըստ կարիքների։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, արդյունքում 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում և 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ծրագրերի ֆինանսական աղբյուրները առկա են և հստակեցված։
Աղբյուրը նշում է, որ նախարարությունն իրականացնում է այդ աշխատանքների մշտադիտարկում և այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։
Ներդրողների և բիզնեսի հետ աշխատանքը նախարարությունում անընդհատ գործընթաց է`նախարարությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը, որոնց արդյունքում կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ և կիրականացվի 11,8 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Միաժամանակ, ակնկալվում է նաև շուրջ 100 մլն դոլարի պորտֆելային ներդրումներ հայկական ընկերությունների բաժնետոմսերում։
Ներդրողներն օգտվում են պետության աջակցության գործիքակազմից, մասնավորապես՝
ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար, գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն, ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ, ՓՄՁ պետական աջակցության գործիքներ, Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ, Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում, Լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով, Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ: