Արմինֆո. Հայաստանում ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կոչված է իրականացման ծրագրեր մշակել և առաջարկել բոլոր ոլորտներում: Այս մասին փետրվարի 8-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա, Կենտրոնը, որի բացումը տեղի ունեցավ հունվարի 12-ին, գործում է պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքների վրա: Միևնույն ժամանակ, պետությունը չի ֆինանսավորի կենտրոնի ծրագրեր, այդ գործընթացը կիրականացվի մասնավոր անհատների միջոցներով: Կենտրոնի Հոգաբարձուների խորհուրդը կազմված է Սփյուռքի մի շարք հայտնի և նշանակալի փորձ ունեցող անձանցից: Կենտրոնի նպատակն է`զանազան ոլորտների բարեփոխումների ռազմավարական ծրագրերի մշակումը, այդ թվում` հարկային, մաքսային, դատական ևեւ իրավական, առողջապահական, կրթական, սոցիալական ծառայությունների և այլն ոլորտներում: Կենտրոնի հարթակում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց առաջարկները և գաղափարներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ զարգացման երկարաժամկետ ծրագրերի համար:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին, ելույթ ունենալով Կենտրոնի բացման արարողության ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մենք ակնկալում ենք իրականում հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի և´ տնտեսության աճ ունենանք, և´ ներդրողների ներգրավվում, և´ երկարաժամկետ զարգացում, և´ մեր պոտենցիալի արդյունավետ օգտագործում: Հոգաբարձուների խորհրդում մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ավելի շատ են, քան պետական հատվածինը, և մենք ակնկալում ենք ու շատ ուրախ կլինենք, եթե սփյուռքի, արտերկրի լավագույն մասնագետները, այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն և կուզենան մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ներգրավվեն այս հարթակում»:
«Այս կենտրոնի ղեկավարը լինելու է իմ խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, և ես շատ մեծ հույսեր եմ կապում այս թիմի հետ: Մենք բաց ենք կառուցողական համագործակցության համար»,- ասել է վարչապետը և կենտրոնին մաղթել բարի երթ, հաջողություններ, ամբիցիոզ ծրագրեր: