Արմինֆո. Փետրվարի 9-ին ՀՀ կենտրոնական բանկ է այցելել ԻԻՀ կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԻԻՀ ապահովագրական ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների ղեկավարները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է երկու երկրների կողմից ապահովագրության ոլորտում փոխգործակցության ամուր հիմքերի ձևավորմանն ուղղված քայլերը: Նա հույս է հայտնել, որ այս այցը, ինչպես և վերջինիս շրջանակներում ՀՀ ապահովագրական ընկերությունների հետ կայացած հանդիպումները կնպաստեն ապահովագրության ոլորտում համագործակցության խթանմանն ու ամրապնդմանը:
Այցի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև ապահովագրության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում:
Հուշագրի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել ապահովագրության ոլորտում համագործակցության համար: Հուշագրի համաձայն կողմերը համաձայնվում են` ապահովագրական ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել երկու երկրների քաղաքացիների համար, համագործակցել վերաապահովագրության ոլորտում, իրենց ներպետական օրենսդրության շրջանակներում, հիմքեր նախատեսել ապահովագրական ընկերությունների ներկայացուցչություն ապահովելու համար, իրականացնել փոխադարձ ուսումնական ծրագրեր, սեմինարներ, փորձի փոխանակման այցեր:
Նշենք, որ ապահովագրության ոլորտում ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև համագործակցության նմանատիպ հուշագիր կնքվել է նաև 2009 թ.-ին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, Հայստանում 6 գործող ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2017 թվականի հունվարի 1-ին կազմել են 43.3 մլրդ դրամ կամ $ 89,6 մլն, տարեկան աճը`12.5%: Ընդհանուր զուտ շահույթը 2016 թվականին աճել է 34%, մինչև 3,6 մլրդ դրամ կամ $ 7.3 մլն: Ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը 2016 թվականին աճել է 6,8%, մինչև 32.2 մլրդ դրամ ($ 66,6 մլն), իսկ ապահովագրական հատուցումները նվազել են 13.7%, մինչև 14.1 մլրդ դրամ ($ 29.1 մլն): Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերը, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ, որին ըստ լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում), 11 դասերի ապահովագրությամբ են զբաղվում «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և ՌԵՍՈ ընկերությունները, և 10 դասերով` «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 30.09.2016 թ. կազմել է 474.46 դրամ/դոլար):