Արմինֆո. Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Րաֆֆի Համբարյանն ԱՄՆ Սենատի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի հետ քննարկել է երկկողմ օրակարգի առաջնային հարցերի լայն շրջանակ, այդ թվում Հայաստանի և ԱՄՆ միջև կրկնակի հարկումից խուսափելու շուրջ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են ANCA մամուլի ծառայությունից:
Կոմիտեն նշում է, որ այդ երկկողմ պայմանագիրը կնպաստի կրկնակի հարկման չեղարկման հաշվին ներդրումների ավելացմանը: «Այդ պայմանագիրը, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի STEM և Երևանի ու Լոս Անջելեսի միջև ուղիղ առևտրային և բեռնատար չվերթների գործարկման հետ միասին ANCA տնտեսական զարգացման գերակայությունների թվում է: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ սենատոր Մենենդեսը և ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նրա գործընկերները կվավերացնեն կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագիրը` դրանով իսկ նպաստելով Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմանը», - նշել է Համբարյանը:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագիրն անիմաստ է` առանց Հայաստանում հրապուրիչ գործարար մթնոլորտի ապահովման: «Դա է պատճառը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ուշադրությունը սևեռում է այնպիսի հարցերին, ինչպես` օրենքի գերակայությունը, մաքսային բարեփոխումները և օտարերկրյա ներդրողների համար խաղի հավասար կանոնների ապահովումը», - ասել է Միլսը
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին Հայաստանի և ԱՄՆ փորձագետները հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկել էին կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագիրը, որն ստորագրվել էր նույն տարվա նոյեմբերի 19-ին, սակայն առայժմ չի վավերացվել: