Ուրբաթ, 17 Փետրվարի 2017 17:13
Նաիրա Բադալյան

Հայաստանում հայտարարել են ներդրումային ծրագրերի ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկման մասին

Հայաստանում հայտարարել են ներդրումային ծրագրերի ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկման մասին

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը փետրվարի 16-ին հայտարարել է ներդրումային ծրագրերի ներկայացման էլեկտրոնային`www.investmentprojects.am հարթակի գործարկման մասին:

Նախարարության ներդրումային ծրագրերի բաժնի ղեկավար Արամ Վարդանյանի խոսքով, այն բանից հետո, երբ կառավարությունը հաստատեց ներդրումային ծրագրերի հավաքագրման մասին, գերատեսչությունն ստացավ ավելի քան 160 հայտ: Ուսումնասիրությունների արդյունքում 35-ը համարվեց առավել իրատեսական, որոնք տեղ գտան միասնական էլեկտրոնային հարթակում, որը մշակվել է նախարարության և Հայաստանի Զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, և որը կապող օղակ կդառնա պետական հաստատությունների և պոտենցիալ ներդրողների միջև:

www.investmentprojects.am կայքը տվյալ փուլում հասանելի է անգլերեն լեզվով, բայց հետագայում խոստանում է ներկայանալ նաև այլ լեզուներով: Կայքը հնարավորություն է տալիս պոտենցիալ ներդրողներին դիտարկել նախագծերը` ըստ գործունեության ոլորտների կամ տեղակայման վայրի և ստանալ տեղեկատվություն հետաքրքրող նախագծի վերաբերյալ, օրինակ` նախագծի ընդհանուր արժեքը, տվյալ պահին ներդրված գումարի չափը, մարզը, նախագծի նկարագրությունը, հստակ բիզնես պլանը և այլն:

Investmentprojects.am  կայքում ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին ՀՀ ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ, ինչպես նաև` մանրամասն նկարագրվում է Հայաստան ներդրումային միջավայրի գրավչությունը, շահեկանությունը և հնարավոր հեռանկարները:

Կայքը հնարավորություն է տալիս ցանկացած անձի, ով ունի  հետաքրքիր բիզնես-նախագիծ, ներկայացնել այն կայքի սպասարկող անձնակազմին` ներդրումներ ներգրավվելու նպատակով:

Վերագործարկվել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքը` www.mineconomy.am, որն առավել պարզ և մատչելի վեբ գրաֆիկայով ներկայացնում է հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությունը: