Արմինֆո. Ներկայումս ՀՀ կառավարությունը բազմաթիվ հայտեր է ստացել տեղական, ռուսական, իրանական և եվրոպական ընկերություններից, Ազատ տնտեսական գոտու շահագործողի կարգավիճակ ստանալու նպատակով: Այս մասին փետրվարի 17-ին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ներդրումային քաղաքականության վարչության ղեկավար Վահան Լալայանը, լրագրողներին ներկայացնելով investmentprojects.am ներդրումային նոր կայքում հրապարակված ծրագրերը:
Լալայանը հերթական անգամ նշել է, որ Մեղրիում ԱՏԳ կառուցումը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթությունը: Նրա խոսքով, ծրագիրը գնահատվում է 28 մլն. դոլար, իսկ ընթացիկ ծախսերի հետ միասին` 32 մլն.դոլար: Առաջին փուլում ակնկալվում է, որ ԱՏԳ տարածքը կլինի 10-15 հա, քանի որ այդ փուլում կտեղակայվեն արտադրական և լոգիստիկ օբյեկտները, ինչպես նաև գրասենյակային և պահեստային շինությունները: Իսկ հետագայում տարածքը կհասնի 45-50 հեկտարի, ինչպես նաև կկառուցվեն տուրիստական ենթակառուցվածքներ:
Ըստ Լալայանի, նախագծի իրականացումը ԵԱՏՄ երկրներում արտադրվող ապրանքների համար ազատ մուտք կապահովի դեպի Իրանի շուկան, իսկ իրանցի գործարարների համար` դեպի եվրասիական շուկան: Բացի այդ, նախագիծը կարող է հետաքրքրել նաև եվրոպական ընկերություներին, որոնց համար մուտք կապահովի դեպի ԵԱՏՄ և Իրանի շուկաները:
Այսօր արդեն իրանական մեկ ընկերությունը ցանկություն է հայտնել ԱՏԳ-ում ձեռք բերել մոտ 6 հազար քմ տարածք: Լալայանը ձեռնպահ է մնացել ներդրողների անունները նշելուց, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել ԱՏԳ-ում, ինչպես նաև իրացման ժամկետները, նշելով, որ կազմակերպիչ –ընկերության փնտրումը շարունակվում է: «Հուսով ենք այդ հարցը լուծել մինչև ապիրլ ամիսը: Նշեմ, որ «ԱՏԳ մասին» ՀՀ օրենքի համաձայն, կազմակերպիչ ընկերությանն աշխատանքների կազմակերպման համար տրվում է առավելագույնը`մեկ տարի»,-պարզաբանել է նա, հավելելով, որ նախատեսվում է նաև տարբեր ընկերությունների մասնակցոթյունը կոնսորցիումի տեսքով:
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն.դոլար, իսկ հաշվի առնելով հնարավոր ծախսերի հետ միասին կարող է հասնել 32 մլն.դոլարի: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն. դոլար, իսկ աշխատակիցների թիվը` 60-70 մարդ: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվեն 120 ընկերություններ, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն.դոլարի ապրանքներ: Նպատակային ուղղությունները կլինեն ԵԱՏՄ, ԵՄ, Մերձավոր Արևելքը, ԱՄԷ, Սիրիան, Թուրքմենստանը, և այլն: Ներդրումների առումով, ըստ ընդհանուր կանխատեսումների, ակնկալվում են մինչև 350-400 մլն դոլարի ներդրումներ: