Արմինֆո. Փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ավելացել է։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, նախորդ տարի այն կազմել է արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 13 տոկոսը, որը 4 տոկոսով գերազանցել է 2014թ. ցուցանիշը։ Էներգաարտադրության կառուցվածքում փոքր ՀԷԿ-երի մասնաբաժնի փոփոխությունը կապված է ինչպես կայանների թվի, այնպես էլ արտադրության ծավալների ավելացման հետ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 178 փոքր հիդրոկայան։ Նախորդ տարվա ընթացքում դրանց քանակը համալրվել է 5-ով։ Փոքր ՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ։ 2016թ. դրանք արտադրել են գրեթե 957 մլն.կվտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի քանակը կշարունակի ավելանալ: «Ըստ տրամադրված լիցենզիաների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում է գտնվում ևս 39 ՓՀԷԿ՝ նախագծային մոտ 74 մեգավատ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ»,- ասել է Հայկ Բադալյանը։
Ըստ նրա, Հայաստանը լուրջ կարևորություն է տալիս արդյունավետ, բնապահպանական տեսանկյունից՝ անվտանգ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացին՝ այն համարելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություններից մեկը:
Հիշեցնենք, որ շարունակվում է ՀԷԿ-երի նկատմամբ տեխնիկական նոր պահանջների սահմանման գործընթացը: Այն հնարավորություն կտա բարելավել շահագործման պայմանները և ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։
RUB | 4.04 | 0.04 |
USD | 396.58 | -0.13 |
EUR | 413.36 | 3.40 |
GBP | 497.27 | 4.40 |
CAD | 277.74 | 2.59 |
JPY | 25.98 | 0.42 |
CNY | 54.53 | -0.23 |
CHF | 440.16 | 3.59 |