Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 20-ին հանդիպել է «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման նպատակով իրականացվող ծրագրի ներդրող՝ ամերիկահայ գործարար Արա Ասատրյանի և ծրագրի իրականացման այլ պատասխա¬նատուների հետ՝ քննարկելու ներկայում առողջացման ծրագրին առնչվող խնդիրները։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակներում նպաստել առաջացած խնդիրների լուծմանը և ծրագրի իրականացմանը: «Կարևոր է, որ արտադրությունը շարունակվի, քանի որ այն աշխատանքով ապահովում է ավելի քան 300 քաղաքացիների,ինչպես նաև՝ առնչվում է բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների բնականոն գործունեությանը»-, նշել է նախարարը:
Հյուրերը քննարկման ընթացքում ներկայացրել են «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման գործընթացով պայմանավորված խնդիրները։ Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է կազմակերպել եռակողմ հանդիպում՝ անվճարունակության վարույթում օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված կառավարչի, ներդրողի ներկայացուցիչների և նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ՝ առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակաները քննարկելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
Ներդրողի ներկայացուցիչները քննարկման ընթացքում տեղեկացրել են, որ անցած երեք ամիսների ընթացքում մարվել է գյուղացիների հանդեպ Աշտարակ կաթի պարտքերի շուրջ 65 տոկոսը։ Ձեռք են բերվել շուրջ 50 մլն դրամի սարքավորումներ՝ արտադրական գործընթացը բարելավելու նպատակով: Ամերիկահայ գործարար Արա Ասատրյանը նշել է, որ արտադրական սարքավորումների մեծ մասը նորով փոխարինելու կարիք կա։ Նա վերահաստատել է նաև, որ պատրաստ են ներդրում իրականացնել, և կարևորում են, որ ընկերությունն իր բնականոն արտադրությունն իրականացնի։ «Այժմ Հայաստանում ներդրումներ իրականցնելու համար բարենպաստ պայմաններ են»-, նշել է Արա Ասատրյանը։
Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունն անցյալ տարի ճանաչվեց անվճարունակ: Ձեռնարկությունը պարտքեր ուներ ոչ միայն իր աշխատակիցների, այլ նաև ֆերմերների հանդեպ: Իսկ ավելի վաղ, 2016 թվականի դեկտեմբերին, ամերիկյան «Ագրա-ռեմարա» ընկերությնա հետ բանակցույթունների արդյունքում տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ ընկերությունը կշարունակի գործել, քանի որ փոխվել է սեփականատերը: Այն ժամանակ նոր սեփականատիրոջ Արտակ Ավագյանը հայտարարեց, որ ընկերության ընդհանուր պարտքը կազմել է 180 մլն.դրամ:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թ-ին: Համաշխարհային բանկի միջոցներով այն բերեց Երեւանի կաթնամթերքի գործարանը և արդիականացրեց սարքավորումները, ձեռք բերելով նաև տրանսպորտային միջոցներ: Ընկերությունն արտադրում է մոտ 45 տեսակի պաղպաղակ, 50 տեսակի կաթնամթերք, պանիր, ինչպես նաև ջեմեր և մուրաբաներ: Ընկերությունը համագործակցում է ավելի քան 6 հազար ֆերմերների հետ: Անցյալ տարվա նոյեմբերի կեսերին հայտնի դարձավ «Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցնելու մասին, որը հայտնվել էր ծանր ֆինանսական վիճակում, կուտակելով գյուղացիների հանդեպ պարտքեր: 90-ականների սկզբին ընկերությունն սկսեց ընդլայնվել, գնելով Երևանի կաթի գործարանը, շուկայում ձեռք բերելով գերիշխող դիրք: Սակայն, ընկերությունը չկարողացավ առողջանալ 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, երբ էապես նվազեց պահանջարկը: