Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարը փետրվարի 21-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը ներկայացրել է ԱՄՀ հետ համագործակցության թիրախային հարցերը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակին, հիմնական ցուցանիշներին, դեֆիցիտի մակարդակին և այն պլանավորված մակարդակում պահելու պարագայում նախատեսվող միջոցառումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող այլ ընթացիկ հարցեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտեց Հայաստանում «Երկարաձգված ֆինանսավորում» (EFF) ծրագրի իրականացման չորրորդ և վերջնական ստուգումը, ինչի արդյունքում հիմնադրամը հաստատաեց հանրապետությանը 15.65 մլն.SDR կամ 21.24 մլն.դոլար ֆինանսավորում տրամադրելու մասին որոշումը: Այսպիսով, ինչպես նշվում է ԱՄՀ զեկույցում, ընդհանուր հատկացումները հասան 66,52 SDR-ի կամ 90,28 մլն դոլարի: Ըստ աղբյուրի, 82.21 մլն SDR կամ 111, 57 մլն.դոլար արժողությամբ ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտի 7-ին:
Ամփոփելով ամփոփիչ ստուգումը, Գործադիր խորհուրդը հաավանություն է տվել ՀՀ կառավարության հայտին, կապված բյուջետային հաշվեկշռի կատարման չափանիշների փոփոխության հետ 2016 թվականի դեկտեմբերի վերջին: Եկամուտների գծով թերի կատարումը հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոններով: Ավելի մեծ կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են արտոնյալ պայմաններով արտաքին ֆինանսավորման հաշվին, հիմնականում արտացոլում են անցյալ թերի կատարման հաղթահարումը, ապահովելով որոշակի հակացիկլային աջակցություն:
Նշենք նաև, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 թվականին կկազմի 3,4%, 2016-ի` 3.2% փոխարեն (նախկինում կանխատեսումը`2,25-2,5%): Ըստ ՀՀ պետական բյուջեի, Հայաստանի տնտեսական աճը 2017-ին նախատեսված է 3.2%, ՀՆԱ-ի անվանական աճը`5%, ինդեքս-դեֆլյատորը`1.7% (2016-ին `2.4%), դեֆիցիտը`150.1 մլրդ դրամ: Բյուջեի եկամտային մասը 2017 թ. կավելանա մինչև 1 տրլն. 210 մլրդ դրամ, իսկ ծախսային մասը`1 տրլն. 360 միլիարդ դրամ, եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը - 22,4% (2016-ին ` 21.8%)