Արմինֆո. Ամենամոտ ժամանակներս Հայաստանը կարող է հայտարարել ԵՄ հետ նոր համալիր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Deutsche Welle-ի հետ հարցազրույցում:
«Բանակցությունները բավականին հաջող են ընթանում, և մենք մոտեցել ենք ավարտական փուլին: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք կկարողանանք հայտարարել բանակցությունների ավարտի մասին: Բնականաբար, դրանից հետո կլինի ևս մի քանի փուլ` համաձայնեցում, հաշվի առնելով, որ ԵՄ 28 երկիր է, այնուհետև` նախաստորագրում, ստորագրում: Չեմ կարծում, թե դա երկար, սակայն, այնուամենայնիվ, որոշակի տևողությամբ գործընթաց է», - հայտարարել է նախարարը: Ինչպես կարծում է Նալբանդյանը, այդ համաձայնագիրը կարտացոլի Հայաստանի և ԵՄ միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակն ու լայն ծավալը և այն հեռանկարներն ու հնարավորությունները, որոնք կողմերն ակնկալում են ամենատարբեր բնագավառներում և ուղղություններով: «Մենք չափազանց շահագրգռված ենք դրանով և նույնպիսի շահագրգռվածություն ենք զգում ԵՄ կողմից», - նշել է նա:
Խոսելով այն մասին, թե արդյոք Երևանը Ռուսաստանի իշխանությունների հետ խորհրդատվություններ է վարում այդ համաձայնագրի առնչությամբ, դիվանագետն ընդգծել է, որ հայ դիվանագիտությունը ԵՄ և մյուս գործընկերների հետ բանակցություններում ղեկավարվում է թափանցիկության սկզբունքներով: «Մեր նախագահը և ես, որպես արտգործնախարար, բազմիցս հարցազրույցներ ենք տվել, մամուլի ասուլիսների ժամանակ հրապարակավ խոսել ենք Եվրամիության հետ նախապատրաստվող համաձայնագրի մասին: Այնպես որ, չկա այնպիսի բան, որի մասին մենք բացահայտ չեն խոսել», - հայտարարել է նա, հավելելով, որ ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններում հայկական կողմը չի ձեռնարկել որևէ բան, որը կարող էր հակասել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Ուստի, հազիվ թե կարող էին կամ կարող են լինել ինչ-որ առարկություններ», - հայտարարել է Նալբանդյանը:
Մեկնաբանելով այն իրավիճակը, որ անցյալում Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին չհաջողվեց ստորագրել, և դա համընկավ Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի հետ, Նալբանդյանն ասել է. «Դա այնքան էլ այդպես չէ: Մենք բանակցություններ ենք վարել, և, գործնականում, ավարտական փուլում ենք գտնվել Եվրամիության հետ ասոցացված համագործակցության շուրջ։ Միաժամանակ մենք միշտ հայտարարել ենք, որ Հայաստանը կցանկանար լինել Մաքսային միությունում, որը հետագայում փոխակերպվեց ԵԱՏՄ: Սակայն եղան ոչ թե առարկություններ, այլ մեզ բացատրեցին, որ դա բարդ է իրականացնել, քանի որ մենք ընդհանուր սահմաններ չունենք։ Հետագայում ստեղծվեց փորձագետների համապատասխան աշխատանքային խումբ, որն ուսումնասիրեց իրավիճակը, և հանգեցին հետևության, որ Հայաստանի մասնակցությունը Մաքսային և ստեղծվող Եվրասիական միությանը հնարավոր է», - պարզաբանել է արտգործնախարարը: Նրա ասելով, ինքը չի լսել եվրասոցացման դեմ Մոսկվայի առարկությունների մասին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի արտգործնախարարը մտադիր է համաձայնեցնել ԵՄ հետ ստորագրման ենթակա փաստաթղթերը, Նալբանդյանը նշել է. «Դուք շատ տարօրինակ աստառով եք հարցադրում կատարում, իբր, մենք պետք է ինչ-որ մեկից ինչ-որ թույլտվություն ստանանք: Դա, իմ կարծիքով, այնքան էլ կոռեկտ հարց չէ: Ես Ձեզ բացատրեցի, որ թե Ռուսաստանի, թե մյուս գործընկերների հետ մեր հարաբերություններում մենք հանդես ենք գալիս սերտ, հնարավորինս հաստատուն հարաբերությունների օգտին: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա դեռ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ մենք տիկին Էշթոնի հետ համապատասխան նամակներ էինք փոխանակել, հետո արվեց ԵՄ հետ համատեղ հայտարարություն, և երբ մենք Մոգերինիի հետ մեկնարկ տվեցինք ԵՄ և Հայաստանի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններին, հստակ հայտարարեցինք, որ կողմերը մտադիր են զարգացնել հարաբերությունները, գնալ հնարավորինս հեռու մեր համագործակցությունում` հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները մյուս միջազգային ինտեգրացիոն գործընթացներում: Այնպես որ` այստեղ ամեն ինչ հստակ է»: