Արմինֆո. 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի սպասվող 3.2% աճը հաղթահարելի է, իսկ արտաքին ցնցումների բացակայության դեպքում կա նաև այն գերակատարելու հնարավորություն: Իսկ 2018 թվականին Հայաստանը կարող է հավակնել 4-5% տնտեսական աճի: Այս մասին փետրվարի 23-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՀՀ կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով, հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները խոսում են 6.5% աճի մասին: Ելնելով դրանից, ըստ նախարարի, պլանային ցուցանիշները, հնարավոր է, կարող են նույնիսկ գերակատարվել, եթե չլինեն արտաքին ցնցումներ: Միևնույն ժամանակ, Հայաստանը վերջին տարիներին չկարողացավ վերադառնալ նույնիսկ 2008 թվականին արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշներին, ինչը, ըստ նախարարի, պայմանավորված է համաշխարհային տնտեսական ցիկլերով: Այդ ցիկլերի ուշադիր դիտարկման դեպքում, պարզաբանել է նախարարը, կարելի է տեսնել, որ 2002-2008 թվականները համաշխարհային տնտեսության վերելքի փուլ էին, ինչը հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ ԴՊՀ էքսպանսիայով և ֆինանսական կոնգլոմերատների ներխուժումով դեպի զարգացող երկրների շուկաներ: Ըստ նախարարի, դիտարկելով վերջին 3 տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, կառավարությունը կհավակնի աճի ավելի բարձր տեմպերի: «Ես չեմ ցանկանում հնչեցնել թվեր և տալ խոստումներ, բայց վստահ եմ, որ, սկսած հաջորդ տարվանից, մենք կարող ենք հավակնել 4-5% աճի: Իսկ այնուհետև`ավելի բարձր ցուցանիշների»,-նշել է նախարարը:
Նշենք նաև, որ, ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 թվականին կկազմի 3,4%, նախկին`3.2% կանխատեսման փոխարեն: Ըստ ՀՀ պետական բյուջեի, Հայաստանի տնտեսական աճը 2017 թ.-ին նախատեսված է 3.2%, ՀՆԱ-ի անվանական աճը`5%, իսկ ինդեքս-դեֆլյատորը`1.7% (2016-ին `2.4%), իսկ դեֆիցիտը`150.1 մլրդ դրամ: Պետական բյուջեի եկամտային մասը 2017-ին կավելանա մինչև 1 տրլն. 210 մլրդ դրամ, իսկ ծախսային մասը` 1 տրլն. 360 միլիարդ դրամ, եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը` 22,4% (2016-ին` 21.8%):
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ