Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 2017 թվականի արդյունքներով արդյունաբերության հատվածի աճը կկազմի առնվազն 6-7%, իսկ արտահանման միջին աճը`20-30%: Այս մասին փետրվարի 23-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով, տնտեսական ակտիվության վերաբերյալ վիճակագրական նախնական տվյալները ոգևորում են, քանի որ 2016-ի հունվարին արձանագրվել է արտահանման 35% աճ: Նախարարին ուրախացրել է այն փաստը, որ արձանագրվել է արդյունաբերության 12% աճ: «Այսպիսով, մեր կողմից հայտարարված բոլոր ուղղությունները և այն նախադրյալները, որոնք մենք ստեղծել ենք, արդեն արտահայտվում են թվերով»,-հայտարարել է Կարայանը:
Նախարարը գտնում է, որ այդ միտումները դրական են անդրադառնում երկրի տնտեսական վիճակի վրա: «Մեր կանխատեսումներով, տարեվերջին արդյունաբերության աճը կկազմի առնվազն 6-7%, իսկ արտահանման աճը`20-30%»,-հայտարարել է նա:
Նրա կարծիքով, դեռ վաղ է կանխատեսումներ անելը, բայց նախարարը վստահ է, որ ՀՆԱ-ի բյուջեով ամրագրված ցուցանիշը կապահովվի: «Տնտեսական աճի վրա ազդող գործոնները բազմաթիվ են: Շատ բան կախված կլինի շինարարության, գյուղատնտեսության ոլորտների զարգացումներից, որոնք կախված են կլիմայական պայմաններից»,-ասել է Կարայանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, 2017 թվականի հունվարին, 2016-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտիվություն աճել է 6.5%: Ընդ որում, անկում է արձանագրվել միայն շինարարությունում` 5.3%: Իսկ մնացած ոլորտներում ամենամեծ աճն արձանագրվել է էներգահալիրում`13.6%, արդյունաբերական հատվածքում` 12.2% և ծառայությունների ոլորտում` 12.1%: 2016-ի հունվարին, 2015-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել էր 5.5%, անկում էր արձանագրվել միայն առևտրի ոլորտում` 2.7%, իսկ աճ էր արձանագրվել արդյունաբերությունում` 15.7%, էներգահամալիրում` 5.2%, շինարարությունում` 5.1% ր գյուղատնտեսությունում` 1.5%:
Սակայն, դեկտեմբերի համեմատ 2017 թվականի հունվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 46.9%, ընդ որում, ամենամեծ անկումն արձանագրել են` շինարարության հատվածը` 90.2%, գյուղատնտեսությունը` 78.2% և առևտրի ոլորտը` 56.3%: Իսկ արդյունաբերական հատվածում անկումը կազմել է 23.9%, ծառայությունների ոլորտում` 20.5%: Իսկ Էներգետիկ հատվածում արձանագրվել է 10.7% աճ: