Ուրբաթ, 24 Փետրվարի 2017 12:44
Ալեքսանդր Ավանեսով

Թբիլիսիում Հայաստանի ֆերմերները կմասնակցեն Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսին

Թբիլիսիում Հայաստանի ֆերմերները կմասնակցեն Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսին

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և Ուկրաինայի կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի (ԿԱԱ) հետ համատեղ կկազմակերպի Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսը, որը տեղի կունենա 2017 թվականի մարտի 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Արևելյան Եվրոպայի՝ Կաթնամթերքի կոնգրեսի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա կլինի ավելի քան 200 մասնակից, այդ թվում` կաթնամթերք արտադրող առևտրային ֆերմերներ, վերամշակողներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներից, և պոտենցիալ ներդրողներ, միջազգային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:

Միջոցառումը հնարավորություն կընձեռի ուսումնասիրել կաթնամթերային անասնաբուծության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական և գործարար մոտեցումները, որոնք հիմնված են իրական դեպքերի և տարածաշրջանի՝ կաթնամթերք արտադրողների և ֆերմերների միությունների փորձի վրա: Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և այլ երկրների ամենահաջողված ֆերմերային տնտեսությունների մենեջերները և մասնագետները կբացահայտեն իրենց հաջողության գաղտնիքները: Նրանցից ոմանք արդեն հասել են տարեկան մեկ կովից ավելի քան 10 հազար լիտր կաթ արտադրողության մակարդակին, և արտադրողականության նման մակարդակի հնարավոր է հասնել նաև Վրաստանում:

 

Կաթնամթերքի կոնգրեսի շրջանակներում կներկայացվեն ՊԳԿ-ի և ՎԶԵԲ-ի համատեղ ծրագրի՝ «Վրաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտում սննդամթերքի անվտանգության բարելավում՝ կարողությունների ստեղծման միջոցով» հիմնական դրույթները, ինչպես նաև կներկայացվեն առաջարկություններ կաթնամթերքի բիզնեսի հետագա զարգացման վերաբերյալ:  

 

Կոնգրեսի երկրորդ օրը մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու Վրաստանում կաթնամթերք արտադրող առևտրային ֆերմաներ, որտեղ արդեն հաջողությամբ կիրառվում են առաջադեմ տեխնոլոգիաներ: 

 

Կովկասի՝ կաթմամթերքի միջազգային կոնգրեսը գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանակման հարթակ կստեղծի տարածաշրջանի ֆերմերների և կաթնամթերային բիզնեսով զբաղվող այլ անձանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից կաթնամթերային բիզնեսի զարգացման ուղիներով:

 

Հարկ է նշել, որ Հայաստանում գործունեության տարիներին ՎԶԵԲ-ը գրեթե կրկնապատկել է ներդրումների ծավալը` 300 մլն եվրոյից մինչև 655 մլն եվրո: Այդ միջոցների շուրջ 90%-ն ուղղորդվում է մասնավոր հատվածի աջակցությանը: Ընդ որում, միջոցների ընդհանուր ծավալի շուրջ կեսը ներդրվում է ֆինանսական հատվածում: ՎԶԵԲ-ը Հայաստանում աշխատում է հանրապետության անկախության հռչակման պահից ի վեր և այս ընթացքում ներդրել է ավելի քան 656 մլն եվրո` 120 ծրագրերի գծով: