Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Արմավիրի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի, «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳե պետական հիմնարկի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 15 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է հիմնել խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարան, ոռոգման կաթիլային եղանակով մշակել բոստանային մշակաբույսեր, վերագործարկել պտղասառնարան, կառուցել պարարտանյութերի և կաթիլային խողովակների արտադրության գործարաններ, հիմնել ելակի ջերմատուն, կազմակերպել մատուտակի արմատների արտադրություն, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներում աճեցնել օրգանիկ գյուղմթերք, կազմակերպել վարդաբույր խորդենու եթերային յուղի արտադրություն, ընդլայնել «Ոսկենիե գինու արտադրությունը, ինչպես նաև ունիվերսալ ֆերմայում ցլիկների բտման կազմակերպում և բարձրորակ օրգանական մսի արտադրություն:
Պատասխանատուները շահառուների հետ համատեղ քննարկել են ներկայացված ծրագրերի ֆինանսական գնահատականները,նպատակահարմարությունն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր առմամբ իրականացվելու է շուրջ 120 մլն դոլարին համարժեք դրամի ծրագրեր: Ինչպես հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կոնյակի արտադրության վերազինմանը և այլ ոլորտների: Բացի այդ, կիրականացվեն նաև մարզերի զարգացմանն ուղղված ծրագրեր: