Արմինֆո. Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում կազմակերպված շնորհանդեսին տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Կենտրոնական բանկի և ֆինանսական շուկայի մասնակիցների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ Հայաստանի գործակցությունն սկսվել է շուրջ 20 տարի առաջ: Այս տարիների ընթացքում բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության համար կարևոր ճյուղերի՝ խոշոր և փոքր ու միջին ձեռնարկություններին՝ իրականացնելով միջնորդավորված և ուղղակի ֆինանսավորում:
ԿԲ նախագահի տեղակալը շեշտել է, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար խիստ կարևոր է արտարժութային ռիսկերից զերծ մատչելի վարկավորման հնարավորությունների ընձեռումը, և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը որդեգրել է նման ռազմավարություն և սկսել այդ ուղղությամբ աշխատանքներ նաև Հայաստանում:
Վախթանգ Աբրահամյանը նշել է նաև, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ռազմավարությունը, ինչպես նաև առաջարկվող ֆինանսական գործիքները դինամիկ փոփոխման կարիք ունեն ամբողջ աշխարհում՝ պայմանավորված գործընկեր երկրներում առկա պահանջարկով, և այսօր առավել արդյունավետ են ճկուն և փոփոխություններին արագ արձագանքող կազմակերպությունները՝ ի դեմս Սևծովյան առևտրի և զարգացման բանկի, որը ներկայանում է մեր իրականությանը և առկա պահանջարկին լիովին համապատասխանող գործիքակազմով և լուծումներով:
Նշենք, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տարածաշրջանի տասնմեկ երկրների կողմից: ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածի նախագծերի իրականացման համար տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաև իրականացնելով ներդրումներ կապիտալում և առևտրի ֆինանսավորում: