Արմինֆո. Սկսվել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման գործողությունների ծրագրի քննարկումները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների մամուլի ծառայությունից:
Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացմանն ուղղված գործողությունների իրականացման մասին 2016 թվականի հուլիսի 29-ի ՀՀ կառավարության ընդունած որոշումից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ «Ցածր արտանետումներով արտադրության ռազմավարություն և մաքուր էներգիայի զարգացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի (EC-LEDS Project) շրջանակներում մշակված «Տարբերությունների վերլուծություն (GAP), Շուկայի մարտահրավերները և օրենսդրական խոչընդոտները» և «Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի հնարավոր նոր մոդելները» հաշվետվությունների հիման վրա, «Էնջիլիթի» կորպորացիայի «ԱյԱրՋի» ընկերության խորհրդատվական թիմի հետ համատեղ մշակել է առաջարկվող Գործողությունների ծրագրի նախագիծը բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու նպատակով:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Հայաստանը նոր միջուկային էներգաբլոկ կկառուցի նույն տեխնոլոգիայով, որն այժ կա: Նրա ասելով, խոսքը վերաբերում է, առաջին հերթին, ջրային ռեակտորներով երկկոնտուրային բլոկերին: Դա անհրաժեշտ է` ելնելով նման բլոկերի շահագործման փորձի, կադրերի առկայությունից: Բացի այդ, Արեգ Գալստյանը նշել է, որ ջրային ռեակտորներով բլոկերը կառուցված են ամենահուսալի տեխնոլոգիայով: «Շատ մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ մենք կընտրենք հենց այդպիսի բլոկ», - ընդգծել է փոխնախարարը, հիշեցնելով, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին քաղաքական որոշումն արդեն կայացվել է, այն պետք է լինի մինչև 600 մեգավատ: «Այլ հարց է` արդյոք կլինի միջին հզորության մեկ թե մի քանի բլոկ», - հայտարարել է փոխնախարարը, հավելելով, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է հետևել իրավիճակին համաշխարհային շուկայում, որտեղ հայտնվում են ջրային ռեակտորների կիրառման նոր տեխնոլոգիաներ: Արեգ Գալստյանն ընդգծել է, որ նոր բլոկը պետք է կառուցվի մինչև 2027 թիվը, երբ արդիանակացումից հետո կսպառվի ՀԱԷԿ գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի հուլիսի 31-ին հաստատված ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին համապաատսխան, նոր միջուկային էներգաբլոկը շահագործման հանձնելու ժամկետը համընկնում է գործող էներգաբլոկի շահագործումը դադարեցնելու ժամկետին:
2014 թվականի դեկտեմբերին և 2015 թվականի փետրվարին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձագման նախագծում համագործակցության և ծրագրի ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկի տրամադրման շուրջ համաձայնագրեր: