Արմինֆո. Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում, «Independent Balkan News Agency» լրատվական գործակալությանը հարցազրույցում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Նրա խոսքով, այդ հարցում Հայաստանն ակնկալում է բարեկամ Հունաստանի և եվրոպական մյուս մեր գործընկերների աջակցությունը: «ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արևելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, և այն հանդիսանում է Հայաստանի և Եվրամիության կողմից կարևոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Նազարյանը հիշեցրել է, որ թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: «Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար: Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս նպաստավոր քաղաքական և տնտեսական միջավայրի պահպանմանը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն զարգացնել մեր հարաբերությունները հարևանների, ինչպես նաև ԵՄ-ի, Ռուսաստանի և մյուսների հետ:
Այսպիսով, մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում, ինչպես այս, այնպես էլ մյուս թեմաներով և ես ուրախ եմ, որ շատ տեսանկյուններից, ներառյալ փակ սահմանների հարցում, մենք կիսում ենք նույն տեսակետները և դիրքորոշումները»,- ընդգծել է Նազարյանը: