Արմինֆո. Ռուսատսանը Հայաստանի խոշորագույն առևտրական գործընկերն, անցյալ տարվա արդյունքներով երկկող ապրանքաշրջանառությունն աճել է 6%: Այս մասին մարտի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այս արդյունքը համարում ենք լուրջ հաջողություն, որը ձեռք է բերվել անկայուն գլոբալ կոնյունկտուրայի պայմաններում: Առևտրի հետագա դիվերսիֆիկացման նպատակով Հայաստանը և Ռուսաստանը մշակում են ազգային արժույթով փոխադարձ հաշվարկների հնարավորությունը: Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումները կազմել են ավելի քան 3 մլրդ.դոլար: Հանրապետությունում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ընկերություն: Ակտիվորեն զարգանում է համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանին բնական գազի խոշորագույն մատակարարը, քանի որ հայկական սպառման 100%-ը ռուսական գազն է: «Գազպրոմի» միջոցով վերակառուցվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, հզորությունը հասցնելով 480 մեգավատի: «Ռոսատոմը» կատարում է Հայկական ԱԷԿ-ի արդիականացումը: Հաջողությամբ է ընթանում կոոպերացիան լեռնահումքային ոլորտում: Ռուսաստանյան «Պոլիմետալ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է ոսկու արդյունահանմամբ: «Ռուսալը» ալյումինե արտադրանքի ոլորտում արդեն ներդրել է 120 մլն. դոլար»,-նշել է ՌԴ նախագահը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը: Նրա խոսքով, Ռուսական երկաթուղին իրականացնում է երկաթուղային ցանցի 500 մլն.դոլարի տեխնոլոգիական արդիականացման լայնամասշտաբ ծրագիր:
Նա նաև ընդգծել է, որ ամուր գործընկերային հարաբերություններ են հաստատվել Հայաստանի մարզերև և Ռուսատանի ավելի քան 70 սուբյեկտների միջև: Այս առումով նա հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը: «Մենք հուսով ենք, որ երկկողմ փոխանակումների ամրապնդումը կնպաստի միջռեգիոնալ համագործակցության ծրագրի իրականացմանը, որն ստորագրվել է հունվարի 24-ին և նախատեսված է 2016-2021 թվականների համար: Մեր երկրների համար առանձնահատուկ նշանակություն ունեն մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, գիտական և կրթական ոլորտներում: Ռուսաստանյան բուհերում սովորում է շուրջ 5.5 հազար Հայաստանի քաղաքացի, որոնցից ավելի մեկուկես հազարը` Ռուսաստանի դաշնային բյուջեի հաշվին: Անցյալ տարի, մշակութային և հումանիտար համագործակցության ծրագրի շրջանակներում հաջողությամբ անցկացվեցին Հայաստանի և Ռուսաստանի միջմշակութային օրերը», - ասել է Պուտինը:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է $ 1,367 մլրդ, տարեկան աճը`15.1%: Արտահանումը կազմել է $ 371 մլն. տարեկան աճը`51.5%, իսկ ներմուծումը`$ 996 մլն, տարեկան աճը`5,7%: