Արմինֆո. Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին: Այժմ Հայաստանի ֆերմերները կարող են լիզինգով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, ցածր տոկոսադրույքով:
Ինչպես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար: Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ: Ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսավարողներին կտրամադրվի լիզինգային եղանակով՝ հաշվի առնելով 2013-2016թթ. դրական փորձն ու արդյունքները:
Ծրագրով ներկայացվում են դրա իրագործման հիմնական մոտեցումները, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական գնահատականը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ արդյունքում ակնկալվում է 2017թ.-ին մոտ 2,2 մլրդ ՀՀ դրամի գյուղտեխնիկայի իրացում: Կարեն Կարապետյանը նշել է, որ գյուղտեխնիկայի ապահովման հարցը կարևորագույն խնդիրներից է. «Մենք իրականում տալիս ենք հնարավորություն գյուղատնտեսությամբ զբաղվող գործարարին, մեր քաղաքացուն տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով լիզինգային պայմաններով ձեռք բերել տեխնիկա, որը կծառայի իր բիզնեսի կառուցմանը»: Վարչապետի խոսքով՝ ստեղծվելու է հատուկ կառույց, որը զբաղվելու է գյուղատնտեսության զարգացման համար առավելագույն ժամանակակից պայմաններ ստեղծելու ուղղությամբ: «Մենք պետք է հստակ իմանանք և հասկանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրները չլուծենք, ապա ոլորտում ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել Գյուղատնտեսության նախարարին չբավարարվել ընդունված որոշմամբ և շարունակել ուշադրության կետրոնում պահել այդ գործընթացը: «Գյուղատնտեսության նախարարությունը, մարզպետերը, բոլորը համայնքներում պետք է այս քարոզչությամբ զբաղվեն, և գյուղատնտեսի ձեռքը բռնած ուղեկցեն և ցույց տան, թե որտեղ և ինչպես է լիզինգը ձևակերպվում և փորձեն ամեն ինչ անել նրան աջակցելու համար»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի և վարկային կազմակերպությունների Ֆինանսական Վարկանիշների, լիզինգային գործառնությունների ծավալը 2016 թ. ավելացել է 11%, կազմելով 16.7 մլրդ դրամ: Լիզինգային ծառայությունների հիմնական մատակարարն է ԱԿԲԱ Լիզինգ ընկերությունը, որի պորտֆելում գյուղատնտեսության ոլորտի մասնաբաժինը կազմում է ընդամենը 3%: