Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ քաղաքական կուսակցությունների նախընտրական խոստումները համարում է նախապես անիրագործելի: «Եթե կա մի ռացիոնալ հնարավորություն, հավատացնում եմ ձեզ, որ մեր թիմը նախընտրական շրջանում առաջին հերթին կգնար դրան», - հայտարարել է Վարդան Արամյանը լրագրողներին, մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ նախարարի, հնչեցվել են թեզեր, որ նվազագույն աշխատավարձը կարելի է 55 հազարից բարձրացնել մինչև 80-100 հազար դրամ, իսկ կենսաթոշակները`ներկայիս 40 հազար դրամից (կենսաթոշակի միջին չափը) մինչև 65-70 հազար դրամ: Ակնհայտ է, որ դրա համար կպահանջվի աշխատանքի վարձատրության ողջ համակարգի ճշգրտում: «Այսօր բյուջետային աշխատողների աշխատավարձերը վճարելու համար պետբյուջեից հատկացվում է 446 մլրդ.դրամ: Աշխատավարձերի բարձրացման դեպքում կպահանջվի լրացուցիչ 250-350 մլրդ.դրամ: Կենսաթոշակների վճարմանն ամեն տարի ուղղվում է 260 մլրդ.դրամ, իսկ խոստացված փոփոխությունները կպահանջեն ևս 130-140 մլրդ.դրամ: Այս ծախսերը Հայաստանի պետական բյուջեի համար միանշանակ մարտահրավերներ են»,-հայտարարել է Արամյանը:
Եվ այստեղ գլխավորը, ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարարը, ոչ թե այն է, թե ինչպես նախընտրական խոստումներն ապահովելու համար գտնել միջոցներ, ապահովելով կարճաժամկետ արդյունք, այլ այն է, թե ինչպես պահպանել այդ ցուցանիշները միջնաժամկետ հեռանկարում: «Հարց է առաջանում, եթե մեծ ջանքերի գնով մեկ տարում բարձրացնենք աշխատավարձերն ու կենսաթոշակները, բյուջեի բեռնվածությունն ավելացնելով 500-600 մլրդ.դրամով, ապա ինչպե՞ս ենք պատրաստվում այդ հարցը կայունացնել միջնամաժամկետ հեռանկարում: Մեկ տարվա ընթացքում հարկային բեռի 10% աճի հաշվի՞ն: Թե՞ պարտքի բեռի ավելացման հաշվին: Կարծում եմ, որ դա վտանգավոր ուղի է»,-հայտարարել է նախարարը:
Բացի այդ, ըստ Վարդան Արամյանի, եթե կենսաթոշակների ծավալներով Հայաստանը համեմատենք նույն Ռուսաստանի կամ Ղազախստանի հետ, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2.5-3 անգամ գերազանցում է մեր տեղական ցուցանիշները, ապա ստացվում է, որ այսօր Հայաստանն այս առումով հանդիսանում է բացարձակ չեմպիոն: Իսկ աշխատավարձերի և թոշակների հետագա բարձրացման համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է անդրադառնալ տնտեսական զարգացման ուղիներին, դրա համար ապահովելով անհրաժեշտ բազա, ինչը կարտացոլվի ներկայիս կառավարության կողմից ապագա կառավարության համար մշակվող տնտեսական զարգացման ապագա հայեցակարգում, եթե առաջիկա ընտրություններում այն ստանա ժողովրդի վստահության քվեն, խոստացել է Վարդան Արամյանը: