Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցված ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին:
Ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ասիմիլացիոն լուսատու որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգերով և այլն: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վրաստան: Նախատեսվում է ընթացիկ տարում արտահանել շուրջ 22 մլն վարդ: 2017 թվականին ընկերությունում ծրագրում են ջերմոցային տնտեսությունը 20 հեկտարի հիման վրա ընդլայնել ևս 15 հեկտարով՝ ներդնելով շուրջ 30 մլն դոլար: Աշխատանքներ են տարվում արտադրանքն արևելյան շուկաներ՝ ԱՄԷ, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան արտահանելու ուղղությամբ: Ընկերությունում ներկայում աշխատում է 200 մարդ: Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագրի արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա ևս 200-ով:
Կառավարության ղեկավարը ողջունել է ընկերության գործունեությունն ընդլայնելու ծրագրերն ու կարևորել արտահանման ծավալների ավելացումը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գառնիի արվեստի դպրոց՝ ծանոթացել գործունեությանը: Գառնիի և հարակից այլ համայնքների երեխաներն այստեղ հնարավորություն ունեն ստանալ կրթություն՝ նկարչության, խեցեգործության, դիզայնի, քանդակագործության բաժիններում: Դպրոցում գործում են նաև շախմատի և համակարգչային դասընթացների խմբակներ:
![]() | 7.18 | -0.03 |
![]() | 454.86 | -0.13 |
![]() | 478.29 | 3.51 |
![]() | 567.07 | 8.89 |
![]() | 354.92 | 2.82 |
![]() | 35.17 | -0.01 |
![]() | 67.04 | 0.00 |
![]() | 456.87 | 3.60 |