Արմինֆո. «Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնի, ինչպես նաև Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ հայտարարում է «Թվային և անալոգային էլեկտրոնիկա» և «Հեռահաղորդակցություն և հեռակառավարում» թեմաներով գիտաժողով–մրցույթ ֆակուլտետի 1-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, մրցույթի լավագույն հոդվածներն ու աշխատանքները հայաստանյան «Ռոստելեկոմի» և Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կարժանանան մրցանակների:
Մասնակցության համար ուսանողներին անհրաժեշտ է հոդվածներն ու գիտական աշխատանքները (համաձայն որոշակի պահանջների) ներկայացնել Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոն մինչև սույն թվականի ապրիլի 21-ը: Գիտաժողով-մրցույթի ավարտից հետո հոդվածները կտպագրվեն:
Լրացուցիչ հարցերի, հոդվածների ներկայացման պահանջների և մրցույթի անցկացման այլ մանրամասների համար մասնակիցները կարող են դիմել Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կարիերայի կենտրոն
կամ զանգահարել (010) 58-01-56 հեռախոսահամարով:
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ: