Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ապրիլի 5-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Ինչպես ԱրմԻնֆ-ոին հաղորդեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Աշոտ Մանուկյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի դերը Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։ Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է ոլորտի ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները։ Խոսելով ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի վերաբերյալ, Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ այն նախատեսվում է իրականացնել երեք տարվա ընթացքում։ Աշխատանքները կավարտվեն 2019թ.։ Դա հնարավորություն կտա երկրորդ էներգաբլոկը շահագործել մինչև 2027թ.։ Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաև նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքը։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրման ոլորտում կատարվող աշխատանքներին, ջրային տնտեսության կառավարման որակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, էներգետիկ համակարգում նախատեսվող այլ ծրագրերին։
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին:
2015 թվականի մարտին ստեղծվել է Համատեղ համակարգման կոմիտե` 2014 թվականի դեկտեմբերի 20-ի ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման շուրջ միջկառավարական համաձայնագրի իրագործման նպատակով: Առ այսօր կայացել է կոմիտեի երեք նիստ` 2015 թվականի հոկտեմբերի 7-ին, 2016 թվականի ապրիլի 20-ին և դեկտեմբերի 2-ին: