Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Մոսկվա-Երևան ուղղությամբ երկաթուղային և լաստանվաային բեռնափոխադրումների սակագները նվազել են: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ նախկինում Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումներն իրականացվում էին բարձր սակագներով, ինչը անդրադառնում էր և՛ բեռնափոխադրման գործընթացի, և՛ գնային քաղաքականության վրա: Նա նշել է, որ նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ: Արդյունքում, վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։
«Մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից»,-գրել է ՀՀ վարչապետը:
Այս տարվա փետրվարի սկզբին Հարավկովկասյան երկաթուղին հաղորդել էր Հայաստան-Ռուսաստան-Հայաստան ուղղոթյամբ հայկական բեռների փոխադրման սակագների իջեցման մասին, օգտագործելով Կավկազ-Փոթի լաստանավային նավահանգիստը: Զեղչերը, որը առաջարկեց ՀԿԵ-ն, անդրադարձան բոլոր արտահանողների ու ներմուծողների վրա, որոնք ապրանքներ են փոխադրում դեպի ԱՊՀ երկրներ: Ինչպես ԱրմԻՆֆո-ի հետ հարցազրույցում նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կելպերիսը, ռուս-վրացական-հայկական բանակցությունների արդյունքում սակագներն իջեցվեցին մոտ 2 անգամ: Այնպես, ներկայումս առաջին դասի բեռի (քար, շինանյութեր, հանքային նյութեր և այլն) առաքումը Երևանից դեպի Մոսկվա կազմում է 70 դոլար մեկ տոննայի դիմաց, մինչև Սանկտ-Պետերբուրգ`75 դոլար, Նովոսիբիրսկ`85 դոլար, Կրասնոյարսկ`90 դոլար, Խաբարովսկ` 110 դոլար մեկ տոննայի դիմաց: Իսկ ավտոտրանսպորտով տեղափոխվող բեռների սակագները, օրինակ, մինչև Մոսկվա, լավագույն դեպքում կազմում են առնվազն 110 դոլար մեկ տոննայի դիմաց, ընդ որում, Մոսկվայից Խաբարովսկ հեռավորությունը մոտ 9 հազար կիլոմետր է: