Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 19:50
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը  քարտապանների համար գործարկում է «ConverseQvota» ծառայությունը – զրոյական տոկոսադրույքով և առանց միջնորդավճարի ձեռնու գնումներ

Կոնվերս Բանկը  քարտապանների համար գործարկում է «ConverseQvota» ծառայությունը – զրոյական տոկոսադրույքով և առանց միջնորդավճարի ձեռնու գնումներ

Արմինֆո. Կոնվերս Բանկը  գործարկում է  նոր՝ «ConverseQvota» ծառայությունը՝ Բանկի քարտապանների համար ընդլայնելով  վարկային գծի/ սահմանաչափի օգտագործման հնարավորությունները:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման և առևտրի ոլորտներում  Բանկի գործընկերային ցանցում  վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝  դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի: Մասնավորապես, «ConverseQvota» ծառայության շրջանակում  հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է  գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու  մարման մինչև 12 ամիս ժամկետով  անտոկոս վարկի: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով օպտիմալացնել ծախսերը և պլանավորել  ընտանեկան բյուջեն, հավելելով, որ վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:

Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության  արժեքի  ամսական մարման չափով :

«ConverseQvota» ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել Վիզա Կոնկորդ, Տաթև, Լիբերթի և Գասա տուրիստական գործակալությունների ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս կամ տուրիստական փաթեթ:

«Ներկայում բանակցություններ են  ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում  գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ»,- նշել են Բանկում:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Կոնվերս բանկն ակտիվ քարտերի ընդհանուր թվով, ինչպես նաև Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի Visa քարտերի թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 15,3%, մինչև 44,3 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 33%: Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 14.8%, մինչև 147,7 մլրդ դրամ, այս ցուցանիշով 3 տեղից բարձրանալով 2-րդ տեղ: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրոթւյամբ Բանկն ունեցել է 101 բանկոմատ և 572 սեփական POS- տերմինալ, տարեկան կտրվածքով համապատասխանաբար աճելով`8.6% և 27.4%: Կոնվերս Բանկը թողարկում և սպասարկում է նաև տեղական ArCa և միջազգային MasterCard քարտեր: