Արմինֆո. Ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Արմենիաե ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը, տեղեկացնում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
Թռիչքին և բացման արարողությանը մասնակցել են ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, Արմենիա ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, Թալինա Թրավել ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Մալխասյանը, մասնավոր հատվածից ներկայացուցիչներ և լրագրողներ: Հայկական պատվիրակությանը Բեյրութում դիմավորել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Անդրանիկ Գիդանյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանում հայ համայնքի ղեկավար Պողոս Քուրդիանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Լիբանանի զբոսաշրջության նախարար Անդրանիկ Գիդանյանը և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հանդես են եկել ողջույնի խոսքով՝ երկուստեք կարևորելով չվերթը, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, զբոսաշրջության զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, միջմշակութային երկխոսության ապահովման հարցերը:
Մեխակ Ապրեսյանն իր խոսքում նշել է. «Այս չվերթը սպասված և անհրաժեշտ էր: Այն բխում է ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունից, համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության բարձրացման անհրաժեշտությունից: Չվերթը մասնավորապես կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերի և զբոսաշրջային փոխադարձ այցելությոնների առավել ակտիվացմանը»։ Այցի ընթացքում քննարկվել է զբոսաշրջային այցելությունների ակտիվացման նպատակով Հայաստանի և Լիբանանի միջև համատեղ ծրագրեր մշակելու գաղափարը:
Երևան-Բեյրութ-Երևան չվերթը մինչև ընթացիկ տարվա հունիս կիրականացվի շաբաթական մեկ անգամ, հունիսից՝ երկու, իսկ հուլիսից՝ երեք անգամ։
Հիշեցնենք, որ 2015 թ. մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստում դրական եզրակացություն էր տրվել «Ավիակոմպանիա Արմենիա՚ ՍՊԸ-ին կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ: «Ավիակոմպանիա Արմենիաե ՍՊԸ-ի կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ստանալու համար ներկայացված հայտի համաձայն, ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություններով:
Նշենք, որ «Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են՝ Աշոտ Թորոսյանը (51%), Ռոբերտ Հովհաննիսյանը (24%) և Թամազ Գաիաշվիլին (25%): Թամազ Գաիաշվիլին հանդիսանում է նաև վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրը և այդ ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է: Ըստ պաշտոնական տվյալների, վերջին 3 տարիներին Հայաստանում գործող 16 միջազգային ավիաընկերությունների 10-ի գրասենյակները փակվել են: Այդ ընթացքում Հայաստանից հեռացան Czech Airlines և Etihad Airways' խոշորագույն ավիաընկերությունները: Բայց ավելացավ Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների ավիաընկերությունների ներկայությունը: