Արմինֆո. 2016 թվականին «Նախաապահովագրական ֆինանսավորում» ծառայության շրջանակներում հայկական հինգ արտահանումային կողմնորոշում ունեցող ընկերություն ստացել է 600 մլն.դրամի ֆինանսավորում: Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը, նշելով, որ դեռ 4 հայտ գտնվում է քննարկման փուլում:
Նրա խոսքով, նշված ծառայության շրջանակներում այսր գործակլությունը համագործակցում է «ՓՄՁ Ներդրումներ», ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Արմսվիսբանկի հետ: Այդ ծառայությանը ներգրավելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում ևս 3 հայկական բանկերի հետ: «Պետք է ընդունել, որ սա նոր ծառայություն է, և շուկային դեռ ժամանակ է պետք, որպեսզի փորձարկի այն»,-ասել է նա:
Նշենք, որ ՀԱԱԳ «Նախաարտահանման ֆինանսավորում» ծառայությունը շուկայում մեկնարկել է 2016-ի գարնանը, որը ենթադրում է արտահանվող ապրանքների մինչև 80% ֆինանսավորում արտադրության փուլում, մասնավորապես, հումքի ձեռքբերման և տրանսպորտային ծախսերի նպատակով: Իր հերթին, ՀԱԱԳ-ն պարտավորվում է ծածկել գործընկեր-բանկերի ռիսկերի մինչև 95%-ը:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: