Արմինֆո. Անցած տարվա վերջին կառավարության կողմից հաստատված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով հաստատվել է հանձնաժողովի կազմը, որում ընգրկված են ներկայացուցիչներ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական կառավարման և զարգացման, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության նախարարություններից, ՀՀ Կենտրոնական բանկից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և այլ գերատեսչություններից։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանձնաժողովի նպատակն է ներկայացնել առաջարկություններ արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցմանն աջակցող քայլերի ուղղությամբ։
Ինչպես հայտնի է, կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի համաձայն, Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։
Հիշեցնենք, որ Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 129 մլն դոլար: Արդեն նախապատրաստվել են արևային էլեկտրակայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումները: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական նշանակության կայանների կառուցում Հայաստանի տարբեր մարզերում: Հետազոտված 6 տեղանքներից երկուսի վերաբերյալ արդեն տեխնիկատնտեսական հիմնավորումներ է ներկայացրել իսպանական «Արիես ինժեներիա» խորհրդատվական ընկերությունը: Դրանք վերաբերւոմ են Գեղարքունիքի մարզի «Մասրիկ» և Արագածոտնի մարզի«Դաշտադեմ» տեղանքներին: Մնացած չորս տեղանքների վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են: Մրցույթի հիմնական պայմաններից մեկը կլինի ներդրողի առաջարկած սակագինը: Առավելություն կունենա նվազագույն սակագին առաջարկող ընկերությունը: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման կլիմայական ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն.դոլար, որից 2 մլն.դոլարը կլինի դրամաշնորհի, իսկ 26 մլն.դոլարը` վարկի տեսքով: Վարկի պայմանները շատ ձեռնտու են` տարեկան 0.25%, 40 տարի մարման ժամկետով և առաջին 20 տարիների համար արտոնյալ ժամանակահատվածով: Դրամաշնորհային միջոցներով կկատարվեն տեղի հետազոտման աշխատանքները, ինչպես նաև նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակումը, որը նախատեսվում է 100-120 մեգավատ հզորությամբ կայանի համար: