Արմինֆո. Ամուլսարի ոսկու արդյունահանման խոշորագույն նախագծի շրջանակներում Lydian Armenian ընկերությունը ներգրավել է լեռնարդյունաբերական հատվածի 28 միջազգային մասնագետի, որոնք հետևում են շինարարական աշխատանքներին, ներդնելով միջազգային լավագույն փորձը: Այս մասին ապրիլի 12-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողներին հայտնել է Lydian Armenian ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
«Այժմ մեզ հետ համագործակցում են միջազգային մասնագետներ, որոնք հիմնականում հանդիսանում են կանադական լեռնարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ: Իսկ Կանադան աշխարհում հայտնի է իր հարուստ փորձով այդ ոլորտում»,-ասել է նա:
Նրա խոսքով, ներկա դրությամբ ընկերությունը տեխնիկայի ձեռքբերման ու շիրարարական աշխատանքների կատարման նպատակով արդեն ներդրել է 70 մլն.դոլար, 2018 թվականին սպասվում է ևս 300 մլն.դոլարի ներդրում: Մասնավորապես, Ալոյանը նշել է, որ ներկայումս իրականացվում են ճանապարհային շինարարության աշխատանքներ, հողային աշխատանքներ, էլեկտրալարերի փոխարինում, ջրատարների տեղափոխում և այլ աշխատանքներ: Միևնույն ժամանակ, Lydian Armenian-ը տեղեկացրել է, որ հանքավայրի շինարարության ընթացքում ընկերությունը կկիրառի նախկինում Հայաստանում չկիրառված տեխնոլոգիաներ, որոնք բնապահպահական առումով շատ ավելի անցտանգ են:
Նշենք, որ բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը – 87%: Ամուլսարի 370 մլն.դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ: Ընկերության բաժնետերերն են` IFC- ն և ՎԶԵԲ-ը: Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: