Արմինֆո. «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի ներդրումները 2017 թվականին կկազմեն 300 մլն.դոլար, կառավարության կողմից խոստացված 850 մլն.դոլարի փոխարեն: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության նիստից հետո:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Հայաստանի կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կստորագրվի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր:
Ֆոնդի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել մեծածավալ մասնավոր ներդրումներ և դրանք ուղղել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում այլընտրանքային էներգիայի արտադրությունն ու էներգետիկ ենթակառուցվածքները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ), մշակող արդյունաբերությունը:
Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը: Ֆոնդը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն, ինչը կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ֆոնդը բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ: Չլինելով մրցակից առևտրային բանկերի համար` ներդրողների համար ֆոնդը կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա՝ նվազեցնելով ռիսկերը:
Կարեն Կարապետյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ֆոնդը ոչ միայն նպաստելու է ներդրումների ներգրավմանը, այլև բերելու է բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, և նրանք հանդիսանալու են կամուրջ մեր և այդ երկրների բիզնես համայնքի միջև: Մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում ֆոնդի կայացմանը ու սերտ համագործակցում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 2017-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր 3.2 մլրդ.դոլարի ներգրավման հնարավորության մասին առաջիկա տարիներին: Դրանցից 830 - 840 միլիոնն սպասավում է այս տարի: Օրերս երկրի ֆինանսների նախարարությունը նվազեց այդ ակնկալիքները, մինչև 450 մլն.դոլար: 2016-ի առաջին 9 ամիսներին դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 92 մլն դոլար, մինչդեռ կառավարությունը 2017 թ.-ին կանխատեսում է 3.9% տնտեսական աճ, 2018-ին`4%, իսկ 2019-ին`4.1%: Իսկ ԱՄՀ կանխատեսումն ավելի համեստ է`2.9%: