Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը ապրիլի 25-ից գործարկում է ֆիզիկական անձանց համար պետական պարտատոմսերով գործարքների ինտերնետ-համակարգը: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստից հետո մեկնաբանելով պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության կարգը:
Նա հաղորդել է, որ մասնակիցների թվի ավելացման պայմաններում փոխվել են նաև պետական պարտքի գործակալների`ֆինանսական կազմակերպությունների աշխատանքի պայմանները: «Աճուրդին մասնակցելու համար նրանք արդեն պարտավոր չեն լինի կատարել առաջնային ավանդ: Իսկ փոխադարձ հաշվարկը տեղի կունենա սակարկություններից հետո: Արդյունքում, որքան շատ հայտ ստացվի պարտատոմսե գնելու նպատակով, այնքան արդյունավետ կձևավորվեն պետական պարտքի չափերը: Իսկ քանի որ դրանք ուղեցույց են հանդիսանում մյուս ֆինանսական գործիքների համար, ապա մենք հուսով ենք, որ շուկայում ընդհանուր առմամբ տոկոսադրույքները կիջնեն»,-պարզաբանել է նախարարը, հավելելով, որ փոփոխությունները վերաբերվում են թե առաջնային, և թե երկրորդային տեղաբաշխմանը, որոնք կկայանան ոչ թե ԿԲ ճուրդով, այլ ֆոնդային բորսայի հարթակներում:
Վարդան Արամյանը հիշեցրել է, որ կառավարությունը նպատակ ունի ապահովել երկարաժամկետ կայուն տնտեսական աճ: «Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, որ դրան կարելի է հասնել կապիտալի շուկայում զարգացման միջոցով: Եվ եթե պետպարտքի շուկան, որը կապիտալի շուկայի սեգմենտներից մեկն է, իրացվելի չէ, ապա դա կարող է լուրջ խոչընդոտ լինել շուկայի զարգացման համար: Ներկայումս Հայաստանի ֆինանսների նախարարությունը բոլոր ջանքերն է գործադրում կապիտալի շուկայի բոլոր հատվածների զարգացման ուղղությամբ», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, ըստ Վարդան Արամյանի, նախարարությունն աշխատում է ներքին պարտքի մասնաբաժնի ավելացման ուղղությամբ` երկրի ընդհանուր պետական պարտքի կառուցվածքում: Բյուջեի 150.1 մլրդ դրամ դեֆիցիտը 2017-ին կֆինանսավորվի մոտ 48 մլրդ.դրամի չափով, պետական պարտատոմսերի թողարկման հաշվին: «Ամեն դեպքում, ներքին պարտքի մասնաբաժնի ավելացումն ավելի լավ է, քանի որ բաժնետերերն են հանդիսանում Հայաստանի բնակիչները, որոնք այդ միջոցները կուտակում են,առանց դուրս գալու արտերկիր», - ասել է նախարարը:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը, որպես կառավարության գործակալ, թողարկում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսեր: 2016 թվականի արդյունքներով շրջանառության մեջ է եղել 508.3 մլրդ դրամի պետական պարտատոմսեր, այդ թվում` երկարաժամկետ - 214,7 մլրդ (շուկայի 42.2%-ը), միջնաժամկետ - 212,7 մլրդ (41,8%), կարճաժամկետ - 78.8 մլրդ (15,5%), ինչպես նաև խնայողական - 2.1 մլն դրամ (0.4%): Պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը 2016 թվականին կազմել է 13.1542%, այդ թվում` երկարաժամկետ պարտատոմսերինը - 15,0118%, միջնաժամկետներինը - 13,2241%, կարճաժամկետների համար - 7,8912%: Պետական պարտքի մարման միջին ժամկետայնությունը 2016-ի վերջին հասավ 2208 օրվա, նախորդ տարվա 2065-ի փոխարեն, 2017-ի ապրիլին հասնելով 2440 օրի: Պետական պարտատոմսերի հաշվին նախատեսվում էր ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը 53.8 մլրդ.դրամով, բայց փաստացի ցուցանիշը տարեվերջին կազմեց 3.2 անգամ ավելի բարձր թիվ` 171.01 մլրդ դրամ, մինչդեռ 2015-ին փաստացի ցուցանիշը կազմում նախատեսված թիվը գերազանցում էր 5 անգամ -15.6 միլիարդ դրամ, 3 մլրդ դրամի փոխարեն: Շրջանառվող պետական պարտատոմսերի ծավալը 2016-ին աճել է 58.4%, այդ թվում, կարճաժամկետ - գրեթե 4 անգամ, միջնաժամկետ - 38.2%, երկարաժամկետ - 48.7%: 2017 թվականի ապրիլի 1-ի դրոթյամբ շրջանառվող պետպարտատոմսերի ծավալը կազմել է 511.1 մլրդ դրամ, այդ թվում` երկարաժամկետ պարտատոմսեր - 237,7 մլրդ (46.5% -ը շուկայում), միջնաժամկետ - 226,2 մլրդ (44.3%), կարճաժամկետ - 44.9 մլրդ (8.8%), իսկ միջին եկամտաբերությունը կազմել է 13.4137%, այդ թվում` երկարաժամկետ պարտատոմսերի համար - 14,8428%, միջնաժամկետ - 13,0548%, կարճաժամկետ - 7,6529%:
Ըստ ՀՀ պետբյուջեի, տնտեսական աճը 2017-ին նախատեսվում է 3,2%, ՀՆԱ-ի անվանական աճը`5%, ինդեքս-դեֆլյատորը`1.7% (2016-ին `2,4%), իսկ դեֆիցիտը`150.1 մլրդ դրամ: Բյուջեի եկամտային մասը 2017-ին կավելանա մինչև 1.210 տրլն. դրամ, ծախսերը`մինչև 1.360 տրիլիոն դրամ, որ եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22,4%, 2016 թվականի 21,8% փոխարեն: