Արմինֆո. Ապրիլի 14-ին տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման Համակարգող կոմիտեի համատեղ նիստը: Նիստին մասնակցել են «Ռոսատոմ» պատական կորպորացիայի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության պետական կոմիտեի, «Ռուսատոմ Սերվիս» և ՀԱԷԿ ներկայացուցիչները:
Նիստում ամփոփվել են ատոմակայանի պլանային վերանորոգման 2016 թվականի արդյունքները, ինչես նաև քննարկվել 2017 թվականի պլանային վերանորոգման հարցեր, որոնց թվում են`2017 թվականին ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման թույլտվության, համակարգերի և սարքավորումների արդիականացման և փոխարինման հարցերը: Քննարկվել են նաև ոլորտի նախագծային կազմակերպությունների, ինտեգրատորների և կապալառուների ներգրավման առաջարկները:
Բացելով նիստը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կոմարովը, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը, նշել է, որ ներկայումս կարևոր է կենտրոնանալ 2017 թվականի վերանորոգման աշխատանքների վրա: Նա նշել է, որ այդ նպատակով կիրականացվեն աշխատանքներ, որոնք կապված են ինստրումենտալ հետազոտությունների և սարքավորումների վերանորոգման հետ: Այս տարի ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության պետական կոմիտեի պահանջով հետազոտվող սարքավորումների ծավալը կավելանա 50%, մինչև 150 տեսակի սարքավորում:
Ռուսաստանյան կողմից նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովի խոսքով սարքավորումների վերանորոգմանը կօգնեն Կոլայի և Նովովորոնեժի ատոմակայանների աշխատակիցները, քանի որ այդ կայանները նման են Հայկական ատոմակայանին: Այս տարի նախատեսվում է մասշտաբային աշխատանքների կատարում սառեցման առաջին աշտարակում, որտեղ սպասվում է հայկական ընկերությունների ակտիվ մասնակցություն:
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը տեղեկացրել է 2016 թվականի կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների մասին, որի ընթացքում հետազոտվել է ռեակտորի սարքավորումների և խողովակաշարերի մետաղներն ու միացումները: Բացի այդ, ավարտվել է ՀԱԷԿ-ի մնացորդային ռեսուրսի ինստրումենտալ հետազոտությունը հիմնավորումը, 2016-ին նախատեսված ծավալներով:
Ըստ «Ռուսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Աալկովի, ներկայումս պայմանագրեր են կնքված բոլոր սարքավորումների մատակարարման գծով: Դա թույլ կտա 2018 թվականին սկսել արդեն փոխարինման կամ արդիականացման աշխատանքները:
Նիստի արդյունքում որոշում է ընդունվել ակտուալացնել 2-րդ էներգաբլոկի լիցենզավորման պլանը, մշակել ատոմակայանի երկարաժամկետ շահագործման միջոցառումների պլանը և սկսել ներդրումային նախագծի մշակումը: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են աստիճանաբար ընդլայնել համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի տարածման և կրթման բնագավառում:
«Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական բաժանմունքի մաս է հանդիսանում: Ընկերությունը ՋՋԷՌ-ի վրա աշխատող օտարերկրյա ատոմակայաններին է մատուցում շահագործման եւ վերանորոգման համար անհրաժեշտ ծառայություններ, զբաղվում է մատակարարման գործընթացներով: Ընկերությունը ներկայացված է ՋՋԷՌ-ի վրա աշխատող ատոմակայաններ ունեցող գրեթե բոլոր երկրներում:
Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի եւ Հայաստանի շուկաներում «Ռոսաոտոմ սերվիս» ընկերությունը հանդիսանում է շահագործման ժամկետը երկարացնելու, վերանորոգումներ իրականացնելու եւ ատոմակայանների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառու: Արտասահմանյան շուկաներում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի պատվերների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: