Արմինֆո. Անելիք Բանկի երրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են նախանշված ժամկետից շուտ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխումը ավարտվել է ապրիլի 12-ին, նախապես սահմանված ապրիլի 28-ի փոխարեն։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական անձիք, և՛ իրավաբանական անձիք` ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։
«Պարտատոմսերը հնարավորություն են տալիս հաճախորդներին կատարել այլընտրանքային ներդրում և ստանալ ֆիքսված արժեկտրոնային եկամուտ: Հաշվի առնելով տեղաբաշխումների հաջող ընթացքը նախատեսում ենք հետագայում ևս իրականացնել պարտատոմսերի թողարկումներ»,- ասել է Անելիք Բանկի Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:
Նշենք, որ երրորդ թողարկման պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմեց 1 մլրդ ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12,25%, տարեկան տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6-ամիս: Նախկինում Անելիք Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի 1-ին տրանշը, ինչպես նաև տեղաբաշխման ընթացքում է 2-րդ տրանշը՝ յուրաքանչյուրը 5 մլն ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ Ներկայումս «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում» շրջանառվում են Անելիք Բանկի արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի մեկ թողարկումը, 5 մլն. դոլար ծավալով: Այդ պարտատոմսերն իր պատմությա մեջ Անելիք Բանկն առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, իսկ շրջանառության ժամկետը` 2 տարի: Առաջին թողարկումը ֆոնդային բորսայում ցուցակվեց 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում է Abond հիմնական ցուցակում: Բանկի դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկումը (5 մլն.դոլար, տարեկան եկամտաբերությունը`6.5%, շրջանառության ժամկետը`2 տարի) դեռ չի ցուցակվել ֆոնդային բորսայում:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):