Արմինֆո. ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է 2017 թ. ապրիլի 14-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Համապատասխան որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 20-ի նիստում:
Ինչպես հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ընկերությունը (նախկին «Գեոթիմ» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրը։ Ներդրումային ծրագրի շրջանակում «Լիդիան Արմենիաե-ն նախատեսում է կառուցել և շահագործել Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայր՝ կատարելով 179,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում:
Հանքի շահագործման ընթացքում, ինչպես նշել է նախարարը, կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։ Արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` 2017թ. 525, 2018թ. 525 և 2019թ. 490 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Նշենք, որ բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը՝ 87%: Ամուլսարի 370 մլն դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ: Ընկերության բաժնետերերն են` IFC- ն և ՎԶԵԲ-ը: Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: