Արմինֆո. Դեռ 2015 թվականից Արարատի մարզի ֆերմերային տնտեսությունների նկատմամբ ավելի քան 100 մլն դրամ պարտք ունեցող «Վինար» ընկերությունը չի տիրապետում լիկվիդային ակտիվների՝ պարտքերի վճարումն ապահովելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Ավելին, ընկերությունը, որի շրջանառությունը նախկինում միլիոն դոլարներ է կազմել, պարզվում է, ընդհանրապես ոչինչի չի տիրապետում. արտադրությունը կազմակերպվել է վարձակալվող տարածքում, իսկ պետության կողմից ընկերությունից բռնագանձված սպիրտը կոնյակի չէ և անիրացվելի է, իսկ, ամենագլխավորը, «Վինարը» գործունեության այդ տեսակի համար արտոնագիր չի ունեցել: Սպիրտի որոշակի մասը լավագույն որակի է եղել, և Գյուղատնտեսության նախարարությանը հաջողվել է իրացնել այն՝ փակելով պարտքերի ընդամենն աննշան մասը:
Ինչպես ապրիլի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը,
Գյուղատնտեսության նախարարությունը վաչապետի և իրավապահ մարմինների հետ միասին կքննարկի «Վինար» ընկերության պարտքերի հետ կապված իրավիճակը՝ խնդրի լուծման ուղիներ գտնելու նպատակով: Միաժամանակ նախարարը խոստովանել է, որ կառավարությունն ունի պարտապան ընկերության նկատմամբ ազդեցության լծակներ, սակայն պարտքերի վճարման համար լծակներ չկան:
Իգնատի Առաքելյանը հիշեցրել է, որ դեռ 2016 թ. վերջին Գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ վերամշակման ձեռնարկությունների կողմից չվճարված պարտքային պարտավորությունների մասով ֆերմերային տնտեսությունների խախտված իրավունքների վերականգնման նպատակով: Արդյունքում փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այնուամենայնիվ, գյուղատնտեսության նախարարն իրավիճակից ելք չի տեսնում, բացի այն բանից, ինչ կարող է առաջարկել արդարադատության համակարգը, բայց դա չի օգնի հասարակ գյուղացուն: «Ինչ ելքի մասին է խոսքը, եթե մեկը խաբել է մյուսին, միաժամանակ վճարելու համար ոչինչ չունի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս իրավիճակը վկայություն է այն բանի, թե ինչպես է երկրում փլուզվել գործարար միջավայրը, որտեղ մեկը մյուսին խաբում է՝ նախօրոք պլանավորված սցենարով:
Մինչդեռ այսօր հերթական անգամ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում Քաղցրաշեն գյուղի ֆերմերները, որոնց «Վինար» ընկերությունը գնված խաղողի դիմաց պարտք է դեռ 2015 թվականից: Հավաքվածները բողոքել են նախարարին, որ չվճարումների հետևանքով իրենք պարտքեր են կուտակել հողահարկի և այլ պարտադիր վճարումների հետ կապված. ոմանց պարտքը գերազանցել է 2 մլն դրամը՝ տուգանքներն ու տույժերը չհաշված: