Արմինֆո. Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին (OLAF) հայտնել է Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի առնչությամբ հնարավոր խախտումների մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից, Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն և այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է ընթացող քննության շրջանակներում: «Եվրոպական միությունը լիովին հանձնառու է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և կշարունակի աջակցել կասկած հարուցող ցանկացած խախտման առնչությամբ լիարժեք, արդյունավետ և թափանցիկ քննության իրականացմանը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հիշեցնում է, որ պետք է կիրառվի անմեղության կանխավարկածը», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Հ.Գյոնջյանի, Գ.Չիլինգարյանի և Գ.Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության հետ», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: