Արմինֆո. Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (նախկին «ՀայՌուսգազարդ»)` 2017 թվականի I եռամսյակում պետական գանձարան վճարելով 16.8 մլրդ դրամ, որից 164,9 մլն դրամ` մաքսային տուրքերի, 1,8 մլրդ դրամ` ուղղակի հարկերի (այդ թվում` շահութահարկ, եկամտահարկ), 14.8 մլրդ դրամ` անուղղակի հարկերի (այդ թվում` ավելացված արժեքի հարկ եւ ակցիզային հարկ) գծով:
Ինչպես վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, առաջատարների հնգյակը հարկերի գծով, ընդհանուր առմամբ 35.6 մլրդ դրամ (տարեկան աճը 12%) է վճարել բյուջե, որից 7.1 մլրդ ուղղակի հարկերի (ներառյալ շահութահարկ, եկամտահարկ) եւ 24,8 մլրդ դրամ` անուղղակի հարկերի (այդ թվում `ԱԱՀ, ակցիզային հարկ) գծով: 2017 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցուցակում առաջատար հնգյակի բաժինը կազմել է 20.3%` տարեկան կտրվածքով մնալով անփոփոխ:
Երկրորդ տեղում է մեկ տարի առաջ 8-րդ տեղն զբաղեցրած «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ-ն: Երրորդ տեղում է նախորդ տարի 11-րդ տեղն զբաղեցրած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Չորրորդ տեղում է նախորդ տարի 6-րդ տեղն զբաղեցրած «Ալեքս Հոլդինգը»: 2017 թվականի I եռամսյակի արդյունքներով առաջատարների հնգյակը եզրափակել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը մեկ տարի առաջ զբաղեցրել էր 3-րդ տեղը:
Առաջատար տասնյակում են նաև «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշն» ընկերությունը (6-րդ տեղ` նախորդ տարվա 9-րդի դիմաց), «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» (7-րդ տեղ), ՀԱԷԿ-ը` (8-րդ հորիզոնական` նախորդ տարվա 7-րդի դիմաց), «Ֆիլիպ Մորիս Հայաստանը» (9-րդ տեղը` նախորդ տարվա 16-րդի դիմաց), «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (10-րդ դիրքը` նախորդ տարվա 14-րդի դիմաց):
Հայ-կանադական «Գրանդ Տոբակո» ՀՁ հարկային վճարումները պետբյուջե կազմել են 5.5 մլրդ դրամ, որից 1.29 մլրդ դրամը` մաքսատուրքերի գծով, 1.3 մլրդ դրամ` ուղղակի հարկերի (ներառյալ շահութահարկ, եկամտահարկ), 4,1 մլրդ դրամը` անուղղակի հարկերի (այդ թվում `ավելացված արժեքի հարկ եւ ակցիզային հարկ) գծով:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկային վճարումները կազմել են 4.7 մլրդ դրամ, որից 355.2 մլն դրամը` մաքսային տուրքերի, 1.5 մլրդ դրամ` ուղղակի հարկերի, 418,2 մլն դրամ` անուղղակի հարկերի գծով:
«Ալեքս Հոլդինգի» հարկային վճարումները կազմել են 4,5 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ դրամ մաքսային տուրքերի, 592 մլն դրամ` ուղղակի հարկերի, 3.4 մլրդ դրամ` անուղղակի հարկերի գծով:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» հարկերի գծով պետական բյուջե է փոխանցել 4.1 մլրդ դրամ, որից 10.8 մլն դրամ մաքսային տուրքերի, 1,8 մլրդ դրամ` ուղղակի հարկերի, 2.2 մլրդ դրամ` անուղղակի հարկերի գծով:
Նշենք, որ 2016 թվականի առաջին եռամսյակում առաջատար հնգյակում են եղել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (2012 թվականից առաջատարն է), «Արմենիա» միջազգային օդանավակայանները», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», նավթի առեւտրով զբաղվող «Ֆլեշ» եւ «Արմենիա Տելեֆոն Կոմպանին» (առեւտրային ապրանքանիշը BeeLine): Ընդհանուր առմամբ, նրանք հարկերի գծով բյուջե են փոխանցել 31.7 մլրդ դրամ, որից 10.4 մլրդ` ուղղակի հարկերի եւ 20,4 միլիարդ անուղղակի հարկերի գծով: (31.03.2017 դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 483,45 դրամ/1 դոլար):