Արմինֆո. Նիժնի Նովգորոդի «Տրուդ» գործարանն իր արտադրանքը ներկայացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության քննարկմանն ու հաստատմանը: Այդ մասին մայիսի 3-ին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ, կոմերցիոն տնօրեն Յուլիա Բուրովնիկովան:
Ըստ նրա, 2016 թվականին գործարանը ArmHiTec սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել էր զինված ուժերի համար համազգեստ` ձմեռային եւ ամառային կոստյումներ եւ զինվորական գոտիներ` հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության ցանկությունները ներկայացվող արտադրանքի տեսականու առնչությամբ, որն այժմ ներկայացվել է Հայաստանի պաշտպանության նախարարության քննարկմանը: Այսօր բանակցություններ կանցկացվեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որին գործարանը պատրաստվում է առաջարկել հրշեջների մարտական համազգեստ եւ ձեռնոցներ: Ողջ այդ արտադրանքը, Բուրովնիկովայի հավաստմամբ, սերտիֆիկացված է: ՀՀ ոստիկանությանը կարող են հետաքրքրել համազգեստն ու ձեռնաշղթաների համար պատյանները:
Գործարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ձեռնարկությունը 2015 թվից համագործակցում է Հայաստանի 37 գործընկերների հետ: «Այժմ համագործակցության գործընթացը կայացման փուլում է, սակայն դրա հեռանկարները հսկայական են», - ասել է Յուլիա Բուրովնիկովան, հավելելով, որ գործարանը պատրաստվում է իր արտադրանքի առաքումներ սկսել ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող մեծածախ ընկերությունների համար, ինչպես նաեւ` ականանետների ու հաուբիցների ծածկոցներ: Ձեռնարկության ուշադրության կենտրոնում կլինի հանրապետության զինվորական ապրանքների առևտրի ցանցը: