Արմինֆո. Մայիսի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է կրթության ոլորտում բարեգործության իրականացումը և ընդգծել է աշխարհում իրականացվող բարեփոխումներում կադրերի որոշիչ դերը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւս հնարավորություն է ունեցել այս ծրագրի շրջանակներում ուսանել Ֆլեթչերի դպրոցում:
Նախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության բարեփոխումների ընթացիկ օրակարգը և ՀՀ կառավարության մոտեցումները երկրի զարգացման ընդհանուր տեսլականի վերաբերյալ:
Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների մասին՝ նախարար Վարդան Արամյանն ընդգծել է,որ դրանց դիմագրավելու լավագույն տարբերակը երիտասարդ կադրերի լայն և ռազմավարական մտածելակերպի ձեւավորումն է, որն էլ գլոբալ աշխարհում մրցունակության գրավականն է:
Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է կամրջել տարբեր երկրների կրթական հաստատություններում ուսանող կադրերին` պատրաստակամություն հայտնելով օտարերկրյա ուսանողներին պրակտիկ դասընթացների հնարավորություն ընձեռել ՀՀ ֆինանսների նախարարությունում: Միևնույն ժամանակ նախարար Արամյանը կարևորել է, որ «Թավիթյան» հիմնադրամի կողմից կազմակերպվող կրթական ծրագիրը շարունակական կլինի:
«Թավիթյան» հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի կողմից: «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչեր դպրոցի միջև առկա համագործակցության շրջանակներում հայ երիտասարդները տարիներ ի վեր «Թավիթյան» հիմնադրամի միջոցներով ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում արդի բարձր չափանիշներին համապատասխան կրթություն են ստանում: Հիշյալ ծրագրի շրջանակներում կրթություն ստանալուց հետո հարյուրավոր շրջանավարտներ Հայաստան վերադառնալուց հետո՝ ստացած գիտելիքներն ու ունակություններն օգտագործում են ի նպաստ հայրենիքի։
«Թավիթյան» հիմնադրամը միաժամանակ ֆինանսավորում է Ֆլեթչեր դպրոցի դեկանների, ականավոր դասախոսների այցերը Հայաստան, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան հայ ժողովրդին և առկա աշխարհաքաղաքական իրողություններին։
Ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է, երկար տարիներ ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ, այդ թվում՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, ինչպես նաև ԱՄՆ ռազմավարական և տակտիկական գիտահետազոտական կենտրոնի առաջին հրամանատարի, ռազմածովային ուժերի քարտուղարի օգնականի և պաշտպանության նախարարի ռազմական հարցերով գլխավոր օգնականի պաշտոնները: