Արմինֆո. ԳեոՊրոՄայնինգ դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) Արարատ, Վարդենիս և Ագարակ քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին անցկացրեց մի շարք միջոցառումներ, ինչպես նաև «Անմահ գունդե ակցիան` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ ամյակին և Արցախի Հանրապետության բանակի ձևավորման 25-րդ տարեդարձին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, ակցիային մասնակցեցին Հայրենական պատերազմի մասնակիցները, Արցախյան պատերազմում ընկածների հարազատները և մտերիմները, ընկերության աշխատակիցները, տեղական համայնքների վարչակազմի անդամները, քաղաքի բնակիչները: Տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցան հանդիպումներ պատերազմի վետերանների հետ, հիշատակի և պատվո երթեր, ծաղիկներ դրվեցին զոհվածների հուշարձաններին: ԳՊՄ ընկերության կողմից նյութական օգնություն տրամադրվեց բոլոր վետերաններին և զոհվածների ընտանիքներին, հանձնվեցին նվերներ:
«Մայիսի 9-ը բոլոր նրանց սրտում է, ովքեր գիտեն խաղաղության գինը, ովքեր հայրենիքի պատիվն ու ազատությունը վեր են դասում ամեն ինչից: Մեր վետերանների տարած հաղթանակը խաղաղ և արժանապատիվ կյանք ապահովեց սերունդների համար, նրանց հնարավորություն տվեց արարել և համարձակորեն առաջ գնալ: Այսօր նրանց երեխաները, թոռները վստահաբար պահպանում են այդ հաղթական բարձունքը, աշխատում են հանուն իրենց երկրի ներկայի և ապագայի, հավատարմորեն ծառայում են հայրենիքին, պատվով արձագանքում են ներկայի բարդ մարտահրավերներին՝ ապահովելով մեր հայրենիքի զարգացումը, հզորությունը և բարգավաճումը, - ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Նշենք, որ GeoProMining ընկերությունն ստեղծվել է 2001 թվականին, հանդիսանում է մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսներով միջազգային մասնավոր ընկերություն: Ընկերությունը ոսկի է արտադրում «Dora» համաձուլվածքի և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութերի տեսքով: GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանում GeoProMining-ին է պատկանում երկու ընկերություն` Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և GPM Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրերը, միաժամանակ կառավարելով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան: